Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի Հայաստան այցն իր վրա է սևեռել նաև հարևան երկրների մամուլի ուշադրությունը:
Թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Ֆիքրեթ Էրթանը«Պուտինը Գյումրիում է» հոդվածում գրում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը, որը շատ մոտ է Կարսի և Արդահանի մարզերին և կարելի է ասել, որ Թուրքիայի քթի տակ է գտնվում, պատրաստվում է հյուրընկալել շատ կարևոր անձի՝ Վլադիմի Պուտինին: Գրում է ermenihaber.am-ը՝հավելելով.
Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օրակարգում է լինելու այցելությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, որի գործունեության ժամկետը 2010 թվականին երկարացվել է ևս 49 տարիով՝ մինչև 2044 թվականը:
Էրթանը տեղեկություններ է հաղորդում ռազմակայանի վերաբերյալ՝ հստակեցնելով անձնակազմի թիվը, ներկայացնելով ռազմատեխնիկական հագեցվածությունը,հնարավորությունները:
Հոդվածում նշվում է նաև, որ քննարկվում է 102-րդ ռազմաբազային պատկանող և Երևանում գտնվող Էրեբունու ռազմական օդանակավակայանի արդիականացման հարցը, որտեղ կարող են իջեցվել ռուսական ուղղաթիռներ:
Ըստ Ֆիքրեթ Էրթանի՝ 102-րդ ռուսական ռազմաբազան իրականում և հիմանականում ուղղված է Թուրքիայի դեմ և նրան զսպելու նպատակ ունի: Հոդվածագիրը հնարավոր է համարել, որ ռուսական ռազմակայանը հայ- ադրբեջանական հավանական բախումների կամ պատերազմի ժամանակ կարող է օգնություն տրամադրել հայկական ուժերին: Այդ համատեքստում թուրք վերլուծաբանը հիշեցրել է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու խոսքերը: Վերջինս ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթի՝ «ո՞րն է ռազմակայանի առաքելությունը» հարցին պատասխանել էր, որ եթե Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ուժ կիրառի, ապա ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը:
Հոդվածագիրը նշում է , որ ռուս հրամանատարի այդ խոսքերը իրենց համար շատ պարզ է և այն նշանակում է, որ եթե Ադրբեջանը ղարաբաղյան հարցում ռազմական որևէ փորձ կատարի, ապա Ռուսաստանն անտարբեր չի մնա, անհրաժեշտության դեպքում էլ ռազմական օգնություն կցուցաբերի:
«Պուտինի Գյումրի այցելությունը, որի մասին հայկական և ռուսական մամուլը գուցեև շատ չխոսի, մեր կարծիքով կարևոր իրադարձություն է: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծում է հայ-ռուսական դաշինքի ռազմական ասպեկտն ու դրա կարևորությունը և հիշեցնում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»,- եզրափակել է Ֆիքրեթ Էրթանը: