«Ուկրաինայի իրավիճակը մեզ կօգնի այն հարցում, որ այլևս եվրոպացիների կողմից մենք չենք լսի կտրուկ վերջնագրեր ու պահանջներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` հավելելով.
«Եթե Ուկրաինայի հարցը կիսով չափով լուծվի, ապա ՀՀ-ի իրավիճակը միջազգային ասպարեզում կբարելավվի: Նույն արևմտյան երկրները կդադարեցնեն պայմաններ թելադրել մեզ, երկրորդ` ՀՀ-ը կարող է իր տնտեսությունը զարգացնել ԱՊՀ մյուս երկրների հետ: Երրորդ` միգուցե կառուցվի Իրան-Հայաստան գազամուղը, ինչպես նաև կկարգավորվեն մեր տրանսպորտային հարցերն Իրանի հետ»:
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստան կայանալիք այցին` քաղաքագետն այն «առանձնահատուկ» համարեց` շեշտելով. «Պուտինի այցը ոչ թե տարածաշրջանային բնույթ է կրում, այլ առանձնահատուկ այց է, որը կլինի նվիրված ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին: Այդ ժամանակ ավելի լրջորեն կիմանանք, թե ՌԴ առաջարկությունների մեծ մասը կոնկրետ ինչ է կազմում: Անդրադարձ կլինի նաև սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, կլինի նաև ռազմական և ռազմատեխնիկական հարցերին անդրադարձ: Պուտինի այցից առաջ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս, դա պատահական չէ »: