«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է, մյուսը՝ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը:
«Պայթյունը տեղի է ունեցել սխալ զոդման հետևանքով: Գործարանն այժմ չի աշխատում, հոսանքազրկել ենք: Խաղողի մթերումը կանգնած է, տեղափոխել ենք մյուս մասնաճյուղ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել գործարանում, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Պռոշյանի գինու գործարանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով՝ տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վերոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: