«Ողջունելի է, որ երեկ պատգամավորներից պատվիրակության կազմ է ձևավորվել և ուղարկվել Սիրիա` Քեսաբի վերջին իրադարձությունների ֆոնի վրա, բայց ողջունելի չէ, որ պատվիրակությունը ձևավորվել է միայն կուսակցական պատգամավորների ընդգրկմամբ, լավ կլիներ, որպեսզի տեղեկացվեին նաև մյուս խմբակցությունները: Փառք Աստծո, Հայստանի խորհրդարանը բազմակուսակցական է, ու ճիշտ կլիներ, որ մյուս կուսկացությունները ևս մասնակցեին: Ճիշտ հասկացեք՝ մենք խնդիր չունենք, բայց այս աշխատաոճը մեզ համար ընդունելի չէ»,-անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Սիրիա պատվիրակություն ուղարկելու հայտարարությանը, ասաց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
ԱԺ նախագահն էլ, խոսելով բարձրացված խնդրի մասին` տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Տեղեկացնենք, որ նախքան հայտարարություններին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պատգամավորական պատվիրակություն է մեկնել Սիրիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը: Նրանք մեկնել են Սիրիայի Հանրապետություն` Քեսաբի դեպքերն ուսումնասիրելու համար, որից հետո խորհրդարանին կտեղեկացնեն դեպքերի մասին: