Վարչապետը կամ վարչապետամերձ շրջանակները դեռ չեն արձագանքել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որով ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է Տիգրան Սարգսյանի վերջին ասուլիսին և, հիշեցնենք, որ, կենտրոնանալով միայն հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին`լրագրողի հարցին Տիգրան Սարգսյանի տված պատասխանին ու բերելով հակափաստարկներ, մասնավորապես, նշել է.
-Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հացազրույց անցկացրած ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ը, այն վերնագրել էր այսպես` Պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել:
Այս առիթով, բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
-Պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել. Ռոբերտ Քոչարյան
-Հնարավոր է. Տիգրան Սարգսյան
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի նման կարճ պատասխանը` տված ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, անցնող տարվա հայաստանյան քաղաքական դաշտի հիթն էր: