▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի առանձնատան և գրասենյակի խուզարկությամբ առգրավվել են հրազեններ, բանկային փաստաթղթեր, 27 հազար 300 ԱՄՆ դոլար

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 7 ամիս է՝ քննում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Վերոնշյալ արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

 

 

armtimes.com-ն է գրում և նշում, որ բողոքը քննում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Այսօրվա նիստում ներկայացվեցին լրացուցիչ փաստաթղթեր, որոնց ծանոթանալու համար նիստը հետաձգվեց:

Մինչ հետաձգումը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարան ներկայացված բողոքը չի վերաբերում գույքի կալանքին, այլ նաեւ վերաբերում է քննիչի գործողություններին՝ առգրավումների հետ կապված: Խուդոյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի տանից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը, առարկաները իրեղեն ապացույց չեն ճանաչվել եւ դեռեւս պահպանվում են մայր գործում: «Քննիչը անհասկանալի պատճառաբանությամբ տվել է այսպիսի պատասխան՝ «Հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի տանից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը ներկայումս չեն կարող տրամադրվել, դրանք գործով առանձնացված չեն եւ դատարան չեն ուղարկվել որպես իրեղեն ապացույց»: Հիշեցնեմ, որ այդ իրերի կազմում են Ռոբերտ Քոչարյանի բանկային փաստաթղթերը, օրինական ճանապարհով ձեռք բերված հրազենը, նույնականացման քարտը, որը զավեշտալի եւ անհասկանալի է, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը պահում իր մոտ, 2017 թվին կնքված աշխատանքային պայմանագիրը, որը բացարձակ կապ չի ունեցել գործի հետ: Ինչու այդ առարկաները չեն վերադարձվում, իրավունքի խախտումը այդ մասով եւս ակնհայտ է»,- հայտարարեց պաշտպանը:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար: Խուդոյանի խոսքով` վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել, թե ինչ ծավալի դատական ծախսեր կարող են լինել: Ըստ դատախազության՝ գույքի վրա կալանք է դրվել հնարավոր քաղհայցի, հնարավոր դատական ծախսերի, ինչպես նաեւ հետագայում գույքի հնարավոր բռնագրավման եւ բռնագանձման նպատակով: Մասնավորապես դատախազ Պետրոս Պետրոսյանը այսօրվա նիստում հայտարարեց, որ դատական ծախսերը կազմում են 898 հազար 500 դրամ, նշեց նաեւ, որ արգելադրվել է Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում Քոչարյանի անվամբ գրանցված գույքը, արժեթղթերը եւ ակտիվները:

Ինչ վերաբերում է խուզարկության ընթացքում առգրավված հրազենին, ապա նա նշեց, որ չի կարծում, թե պաշտպանին հայտնի չէ, որ դրանք կարող են տնօրինվել բացառապես Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ հետեւաբար նրա կալանքի տակ գտնվելու պայմաններում այդ առարկաները որեւէ մեկի հսկողությանը հանձնվել չեն կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее