«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն կառավարական ճյուղում, այլ նաև ՏԻՄ-ում։
Գրել էինք, որ նոյեմբերի 12-ին կայացած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:
Մեր տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։
Համաձայն մեր տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը և նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. և նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:
Զրույցում Կարեն Սարուխանյանը կրկին չհերքեց թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը, բայց նաև չհաստատեց։ Պատգամավորը կրկին հետաքրքրվում էր ՔՊ վարչությունից ստացված մեր տեղեկությունների աղբյուրից, սակայն չէր անհանգստանում սեփական հեղինակության համար»: