«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 5 հայց է ներկայացրել 4 լրատվամիջոցի դեմ, դրանք են՝ «Հայելի» ակումբ, «24 նյուզ», «Նյուզ էյ էմ», «168 ժամ»: Սույն հայցերով կուսակցությունը պահանջում է «զրպարտություն հանդիսացող տվյալները» հերքել և փոխհատուցում վճարել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, նույնանուն խմբակցության ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է՝ լրատվամիջոցների հրապարակումները, որոնց վերաբերյալ ՔՊ-ն դիմել է դատարան, կապված են Սիսիանի ՏԻՄ ընտրությունների հետ։
Ըստ Ալեքսանյանի՝ լրատվամիջոցներն այդ ժամանակ գրել են, թե կուսակցությունն ընտրակաշառք է բաժանել։
«Բոլոր հայցերը նույն հրապարակումներին են վերաբերում, թե ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել Սիսիանի ընտրությունների ժամանակ: Նմանատիպ վերնագրերով ու այդ բովանդակությամբ հոդվածներ են, որոնք լկտի սուտ են և զրպարտություն»,- պնդում է կուսակցության վարչության փոխնախագահը:
Ալեքսանյանի խոսքով՝ հայցերը կապված են նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ լռության օրը խախտելու դեպքերի հետ։ Պատգամավորը հույս ունի՝ այս դատական հայցերը կնպաստեն, որ լրագրողական պրակտիկայում այդ օրերը խախտելու արատավոր երևույթին վերջ դրվի։
Վերջինս, սակայն, դժվարացավ ասել, թե, ո՞ր լրատվամիջոցի դեմ է երկու հայց ներկայացվել, քանի որ, ինչպես նշվում է, 5 հայց է ներկայացվել՝ ընդդեմ 4 լրատվամիջոցի։
Հարցին՝ լրատվամիջոցների հրապարակումների հետ կապված առաջացած հարցերը դատական կարգով լուծելը արդյունավե՞տ են համարում, Ալեքսանյանն ասում է․ «Շատ դեպքերում միակ խանգարող հանգամանքը դատարաններում գործերի շատ երկար քննությունն է, որ կարող է տարիներ տևել։ Կարծում ենք, որ ազատ, թափանցիկ ընտրությունները մեր պետության ողնաշարն են, ու դա պետք է ամուր պահենք։ Զրպարտությունը, ընտրական օրենսգրքի հոդվածների խախտումն ու այլ արատավոր երևույթները պետք է իրավական հանգուցալուծում ունենան»։
Նրա խոսքով՝ մինչ դատական հայցեր ներկայացնելը՝ փորձել է իր էջում արված հրապարակումների միջոցով լրատվամիջոցներին հորդորել, որ հերքում հրապարակեն, սակայն՝ ապարդյուն:
«Առնվազն ես նման հրապարակումներ արել եմ, սակայն այդ լրատվամիջոցները նույնիսկ այդ հրապարակումները չեն տեղադրել։ Միայն մեկ դեպք է եղել, երբ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ էր ներկայացրել, որտեղ մեր թեկնածուններից մեկը բարևել էր քաղաքացուն, և այդ լրատվամիջոցը դա ներկայացրել էր ընտրակաշառք բաժանելու կոնտեքստում։ Ընտրություններից միայն երկու ամիս անց այդ տեսանյութը հեռացվել է։ Երևի միակ դեպքը դա է եղել։ Բայց մյուս դեպքերում լրատվամիջոցները դրա վերաբերյալ նույնիսկ մեր կողմի մեկնաբանությունը չէին ուզել. եթե լիներ երկկողմանի նյութ, դատական ատյաններ դիմելու անհրաժեշտություն չէր լինի»,- ընդգծում է նա։
Ոլորտը կարգավորելու համար, ըստ Ալեքսանյանի, նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք ձեռնարկել են ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի իր գործընկերները, սակայն, դրա վերաբերյալ մանրամասներին ծանոթ չէ:


