«Հրապարակ»-ը գրում է. Փարաքար համայնքում նոր քաղաքական կոալիցիա է ձևավորվել` իշխող Քաղպայմանագիրն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու խմբակցությունը, որ 2 տարի է բոյկոտում է ավագանու նիստերը, մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Դրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը, ինչը կարծես անհնարին էր դարձրել Փարաքարում ավագանու նիստեր գումարելը, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտում էր նիստերը, իսկ ՔՊ-ն քվորում չէր կարողանում ապահովել` առանց Դավիթ Մինասյանի։ Եւ թվում էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարումը կանցներ առանց ավագանու լեգիտիմ նիստերի, սակայն երեկ՝ օգոստոսի 14-ին ավագանին նիստ է հրավիրել և արի ու տես, որ Գյուլնազարյանի հրավիրած ավագանու հենց առաջին նիստը կայացել է «Ապրելու երկրի» ավագանու անդամների շնորհիվ։ Խախտելով 2.5 տարվա բոյկոտը, ԱԵ 8 ավագանու անդամներ ներկայացել են նիստին, փոխարենը նիստին չեն մասնակցել «Դավիթ Մինասյան» խբակցության 3 անդամները (ներառյալ Մինասյանը) և նույն խմբակցության նախկին անդամ` ներկայումս անկախ 2 ավագանիները։ ՔՊ-ից մասնակցել է 5, «Ապրելու երկրից»՝ 8 հոգի։ Համայնքում այլևս կասկած չունեն, որ Դավիթ Մինասյանին հայտնված անվստահությունը, ապա և կալանավորումը ՔՊ-ի և «Ապրելու երկրի» ամիսներ շարունակ տևած գաղտնի համագործակցության արդյունք են։ Բանն այն է, որ քաղաքական պայմանավորվածությամբ, ՔՊ-ն պետք է Դավիթ Մինասյանին դարձներ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ Իսկ այս զարգացման արդյունքում նրանց ձեռքերն ազատվել են։ «Ապրելու երկիրն» այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին, նրանց է տրվում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, «Ապրելու երկրի» աջակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Կարապետ Արթինյանը նույնպես իրականում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի մերձավորն է։ Այդպիսով, «Ապրելու երկիրը» զգալի ներկայություն է ունենալու Փարաքարի վարչական կառավարման մարմիններում, ինչպես նաև մեծամասնություն է լինելու ավագանու կազմում»: |
ՔՊ-ն ու «Ապրելու երկիր»-ը չհայտարարված դաշի՞նք են կազմել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet