Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր ազատ է արձակվել:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը: Վերջինս սակայն չի նշել գրավի չափը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին, նույն քրեական գործով ձերբակալվել են 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են, սակայն նրանք ազատ են արձակվել՝ ձերբակալման պահից 72 ժամը լրանալուց հետո:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել տեղեկացնելով, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:


