Համացանցում քննարկումների առիթ էր դարձել ու դժգոհությունների ալիք էր բարձրացել այն բանից հետո, երբ կայքերից մեկում նշվել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել այն մասին, թե Անատոլիայից ստիպված հեռացած հայերին Թուրքիայի քաղաքացիություն պետք է տրվի. «Մայր հայրենիքից հեռացածները վերադառնալու հնարավորություն պետք է ստանան։ Թուրքիան պետք է տա այդ իրավունքը»:
Հաշվի առնելով սոցկայքերի օգտատերի բուռն արձագանքը` Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ:
Վերջինս ասաց, որ եղածն ընդամենը վրիպակ է եղել.
«Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույց էր տվել Ալ Ջազիրային, որտեղ էլ հայտնվել էր այդ վրիպակը: Նա նման բան չի ասել, սխալից հետո էլ դիմել է Ալ Ջազիրային, վրիպակն արդեն ուղղված է»:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է հարզացրույցի` Ալ Ջազիրայի կողմից արդեն շտկված տարբերակը: