Մարտի 9-ից «Ազատության» հրապարակում հացադուկ սկսած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ բացօթյա ասուլիսի ընթացքում խոսեց նաև իր ինքնազգացողությոն մասին` ասելով, որ այս գիշեր ցուրտ էր, այդ պատճառով ինքը մի փոքր մրսել է: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն պաշտոնյաներին, որոնք այս օրերին այցելել և այցելում են իրեն: Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելությանը` նա ասաց, որ «միջնորդավորված առաքելությանը» դեմ է և հավելեց. «Եթե պարոն Սարգսյանը ասելիք ունի, թող ասի։ Հովիկ Աբրահամյանը որևէ առաջարկ չի արել»: Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը սպասու՞մ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին. այս հարցին նա տվեց բացասական պատասխան` ասելով, որ չի սպասում:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության մասնակցությանն ավագանու առաջիկա ընտրություններին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ցուցակը կհրապարակվի ուրբաթ օրը: