Ռուսաստանի Դաշնության դատարանը 40 օրով կալանավորել է Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ):
Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:
Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է: Լեւոն Սարգսյանը պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Նա հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականունով:
Կարդացեք նաև՝Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին


