▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ նախագահի խորհրդականն անցնում է կոռեկտության սահմանները

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետին խորհուրդ է տվել ուշադիր կարդալ ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ համարելով, որ Բրյուսելի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները խորացնելով` Հայաստանը կհրաժարվեր սուվերենությունից: Իսկ ավելի վաղ, ռուսական «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում` նույն թեմայի հետ կապված վերջինս հայտարարել էր, թե «Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ և դաս տվեց իր կառավարությանը»:

Սա ռուս չինովնիկների մոտ հաճախ նկատվող, կուլտուրայի բացակայության ու ոչ կոռեկտ հայտարարությունների առաջին դրսևորումը չէր: Անկախությունից ի վեր, նրանք բազմաթիվ առիթներ ունեցել են դրսևորելու իրենց «տաղանդը» բացառիկ անտաշության առումով:
Ի դեպ, այնպես չէ, որ ցինիզմի այս դրսևորումները հատուկ են միայն ռուս պաշտոնյաներին: Ռուսաստանյան հասարակության տարբեր շրջանակների կողմից հայերի ու Հայաստանի նկատմամբ դրսևորվող ցինիզմի բացահայտ օրինակ էր նաև որոշ ժամանակ առաջ, ՌԴ-ում, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարն ու դրան հետևած արձագանքը, ինչն ուղեկցվեց հայերի դեմ ակնհայտ թշնամական մեկնաբանություններով, իսկ դատական նիստին հայ վարորդը «ներկայացավ» կանացի խալաթով:

Ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Ռուսաստանի նմանօրինակ վերաբերմունքը հայերի նկատմամբ մեկ կամ երկու տարվա պատմության արդյունք չէ, այն ձևավորվել է տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում և դժվար է կարճ ժամանակում փոխել «ռուսական գիտակցությունը»:
Ցանկալի փոփոխությանը հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե նման միջադեպերը նեղ քաղաքական շահերին ծառայեցնել ու «միանալ ռուսական ակցիաներին», այլև միասնական ձևով՝ ողջ հասարակությամբ, պայքարել անընդունելի դրսևորումների դեմ: Իշխանությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով միշտ չէ, որ կարող է համարժեք արձագանքել նման դրսևորումներին, սակայն այս հարցում հասարակության ակտիվ զանգվածի վարքագիծը շատ կարևոր է:

Ռուսաստանը մեկ բան պետք է հստակ գիտակցի. նման պահվածքով ու մոտեցումներով Հայաստանին իր «բարեկամության շրջանակներում» կարող է պահել միայն ժամանակավոր, քանզի նա իր վարքով առավելագույնս անում է՝ Հայաստանին ՌԴ-ից վանելու ու այլ ճանապարհ ընտրելու հարցում:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее