Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղը ուժով հետ վերցնելու Ադրբեջանի սպառնալիքը ստիպում է ԼՂՀ ադմինիստրացիային անընդհատ ավելացնել սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ զինամթերքի մատակարարումը»: Նա նաև հայտարարել է, որ եթե, այնուամենայնիվ, սկսվի նոր պատերազմ, ապա հարյուր հազարավոր մարդիկ կսպանվեն ու կվիրավորվեն, ինչը Ղարաբաղը կհասցնի մասշտաբային հումանիտար ճգնաժամի:
«Սակայն այս պահին ո´չ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակական կարծիքը, ո´չ էլ հակամարտող կողմերի ղեկավարները պատրաստ չեն փոխզիջումների, ինչը դժվարացնում է հակամարտության կարգավորման գործընթացը»,- ասել է Արայիկ Հարությունյանը, փոխանցում է Galatv.am-ը:
Այս հոդված բարձրացրել է ադրբեջանական ԶԼՄ-ների վայնասունը: Օրինակ, ինչպես բողոքում է AZE.az-ը, հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂՀ վարչապետը նշված չեն չակերտների մեջ, ինչը որակվել է սադրանք և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը անհարգալից վերաբերմունք: