▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2016/2017 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս  նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2016/2017 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:

 

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը 2016/2017 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար:

 

 ք. Երևան , 15 դեկտեմբերի 2015թ.

 

Հարգելի տիկնայք և պարոնայք,

 

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2016/2017 թվականների մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու այն ակումբները, որոնք իրավունք կստանան՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2016/2017 մրցաշրջանի պաշտոնական ակումբային մրցաշարերին:

Նախատեսված է, որ նոր` 2016/2017 թվականների մրցաշրջանը կսկսվի 2016 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացն ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով` իր մեջ ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ ամբողջական կերպով կիրառվեց ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում: Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջաններում հասցրել են ամրապնդել իրենց փորձառությունն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:

Նախորդ 2015/2016 մրցաշրջանում ՀՖՖ Արտոնագրման բաժինը հաջողությամբ կիրառեց արտոնագրման ողջ գործընթացն էլեկտրոնային համակարգով անցկացնելու տարբերակը: Բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ստանալը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելը միանշանակ բարձրացրել է համակարգի արդյունավետությունն ու արագ աշխատանքը: Գալիք մրցաշրջանում ևս արտոնագրման համակարգի գործունեությունը կծավալվի էլեկտրոնային եղանակով, ինչը ժամանակակից աշխատաոճի արդյունավետ գրավականներից է:

Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Նախորդ 2015/2016 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի մասնագետներն այցելել են Հայաստան և տեղում ստուգումների ու սեմինարների միջոցով կրկին վերահաստատել են ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցների բարձր կարգն ու աշխատանքի արդյունավետությունը: Այդ նույն մասնագետներն անցկացրել են սեմինարներ նաև ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների և նրանց աշխատակիցների համար: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:

Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման համակարգը և վերահսկողության գործընթացը նպաստում են ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:

Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2015 թվականի հոկտմբերի 6-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2015 թվականի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի  2015 թվականի խմբագրության կանոնակարգի վրա: Նախորդ խմբագրության համեմատ՝ վերոնշյալ կանոնակարգը կրել է որոշակի փոփոխություններ, որոնք միտված են համակարգի և ակումբների աշխատանքի և արդյունավետության բարձրացմանը: Արտոնագրման բաժինը համապատասխան ընթացակարգով կտեղեկացնի բոլոր շահագրգիռ կողմերին այդ փոփոխությունների և դրանց կիրառելիության մասին:

Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված Ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012 թվականի խմբագրություն) պահանջներին: Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է` տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի համար հստակ սահմանված նպատակներ:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում, օժանդակություն ակումբների գործունեության բարելավման հարցերում և նրանց իրավունքների պաշտպանություն:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի արդյունավետության մշտական և շարունակական բարելավում ու մասսայականացում:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում:
  • ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրությունների, կանոնակարգերի և  կանոնների անշեղորեն պահպանում ակումբների կողմից:
  • ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների մշտական և ժամանակին հաղորդակցություն ակումբներին:
  • Ակումբների արտոնագրման և վերահսկողության շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում և միջազգային կապերի զարգացում:
  • Ակումբների և ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի սահմանած որակի չափանիշների ու պահանջների:
  • Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական և այլ կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև ենթակառուցվածքային ու իրավական հարցերում:
  • Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:
  •  ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմքերի ստեղծում, կրթական ծրագրերի մշակում, միջոցառումների կազմակերպում և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առկա պայմանների բարելավում:
  • Բազմակողմանի աջակցություն ակումբներին պայմանավորված խաղերի և դրանց կազմակերպման դեմ պայքարի, ինպես նաև անօրինական խաղադրույքների դեմ պայքարի հարցում:

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

  • Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակից ակումբներին:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման ուղիների մշակում:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում և դրանց իրագործման վերահսկում:
  • Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, հաշվապահներ, մամուլի քարտուղարներ, անվտանգության և երկրպագուների հարցերով պատասխանատուներ և այլն) պատրաստման և վերապատրաստման հարցերում, այդ թվում՝ համապատասխան սեմինարների և դասընթացների կազմակերպում:
  • Համապատասխան դասընթացների կազմակերպում և արտոնագրերի ու հավաստագրերի շնորհում ակումբների մարզիչներին և այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնակարգերի:
  • ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական Բ, Ա և ՊՐՈ դասընթացների կազմակերպում և անցկացում` ներառելով արտասահմանցի բարձրակարգ մասնագետների:
  • Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին, այն է` ենթակառուցվածքային խնդիրներ, խաղերի կազմակերպում և կազմակերպչական ամբողջական օժանդակություն:
  • Շփումների կազմակերպում, պահպանում և համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման հարցերում:
  • Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և գործնական կիրառման հարցերում:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների և այլ արձանագրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում:
  • ՀՖՖ ակումբների փաստաթղթերի և արխիվային նյութերի հաշվառման և վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում:
  • ՀՖՖ ակումբների հետ հաղորդակցության իրականացում էլեկտրոնային տարբերակով, ակումբներից ստացվող փաստաթղթերի ամբողջական պահպանում էլելկտրոնային տարբերակով:
  • Ակումբների գործունեության համեմատական վերլուծության իրականացում և հերթական տպագիր հաշվետվության ներկայացում:
  • Համեմատական վերլուծության շրջանակներում ակումբների աշխատանքի կազմակերպման հարցում թերությունների ու խնդիրների հայտնաբերում և դրանց շտկման ու լուծման ուղիների մշակում:
  • Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար:
  • Բազմակողմանի աջակցություն և խորհրդատվություն ՀՖՖ ակումբներին իրենց ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման հարցերում` համապատասխան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող որակի ստանդարտների՝ այդ թվում պարբերաբար տեղում ստուգումներ մարզադաշտերում, ամենամյա բարելավումներ և պահանջվող ստանդարտների բարձրացում:
  • ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության շարունակական զարգացում ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012թ. խմբագրություն) չափանիշների շրջանակներում:
  • Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաև պետական և տեղական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ համատեղ:
  • ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող տարբեր կանոնակարգերի թարգմանություն, տեղայնացում և տպագրում, այդ թվում՝ ՀՖՖ Մարզչական կանոնակարգի և ՀՖՖ Ենթակառուցվածքային կանոնակարգի լիակատար կիրառում:
  • Տեղեկատվական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական և այլ հարցերի վերաբերյալ:
  • Օժանդակություն ՀՖՖ ակումբներին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի մշակման, տեղայնացման և իրականացման հարցերում:
  • Հստակ վերահսկում ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի և դրանց իրականացման նկատմամբ:
  • Մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման շրջանակների պարբերաբար զարգացում՝ հաշվի առնելով այդ ոլորտում առկա հրամայականները:
  • Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և տրամադրում ակումբներին:
  • Օժանդակություն ՀՖՖ ակումբներին պայմանավորված խաղերի և անօրինական խաղադրույքների դեմ պայքարի ուսուցողական ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման հարցերում:
  • Օժանդակություն ՀՖՖ ակումբներին ռասիզմի դեմ պայքարի և հակախտրականության ուսուցողական ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման հարցերում:
  • Դասընթացների, սեմինարների և հանդիպումների կազմակերպում ակումբների, նրանց ղեկավարության և աշխատակիցների հետ՝ հաշվի առնելով արդիական տենդենցների և խնդիրների առկայությունը, այդ թվում՝ համատեղ և համակարգված պայքարի և կանխարգելման կազմակերպում պայմանավորված խաղերի և ռասիզմի դեմ:
  • Հանդիպումներ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ համակարգի դեմ ծառացած խնդիրների քննարկման, դրանց լուծման, ինչպես նաև համակարգի հետագա շարունակական բարելավման նպատակով:

 

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և վերահսկողության գործընթացի նվազագույն խնդիրները գալիք  մրցաշրջանի համար: Հարկ է նշել, որ դրանք առանձնակի փոփոխության չեն ենթարկվել նախորդ մրցաշրջանների համեմատությամբ, քանի որ դրանք կրում են ամենամյա շարունակական բարելավման և զարգացման բնույթ և ուղղված են միմիայն ոլորտի զարգացմանը:

Կասկածից վեր է, որ, ըստ նշված քաղաքականության կետերի և նպատակային խնդիրների, տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական և մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանը, ֆինանսական արդար խաղի դրույթների պահպանմանը ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի և որդեգրած ուղու ճշմարտացիության մեջ և շարունակելու է լինել հետևողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումը այդ ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է:

 

 ՀՖՖ Նախագահ Ռ. Հայրապետյան 

 

 

ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее