Հաագայում ԱՄՆ նախագահի ելույթի պատասխանը Ռուսաստանից չուշացավ: Ճիշտ է Օբամայի հայտարարության պատասխանը համարժեք պաշտոնյայի կողմից չեղավ, ասել է թե Պուտինը «լայաղ» չարեց անգամ արձագանքել ամերիկացի իր գործընկերոջը, բայց, այնուամենայնիվ, Մոսկվան պատասխանեց և արեց դա շատ հստակ և որոշ առումներով նույնիսկ հեգնանքով:
Նախ հիշեցնենք, թե ինչ էր Օբաման հայտարարել Հաագայում: Վերջինս ասել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է և իր ներկա քայլերը պայմանավորված են սեփական թուլությամբ: Սրան ի պատասխան Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է մասնավորապես հետևյալը. «Նման հայտարարությունները խոսում են ոչ միայն արդեն խուճապի, այլև ԱՄՆ-ի հոգեվարքի (агония) մասին: Նման հայտարարությունները լուրջ ընդունել չի կարելի է: Վաշիգտոնը չի ուզում պարզապես գիտակցել, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և որ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը համաշխարհային տերություն է` լրջորեն ինտեգրված համաշխարհային տնտեսության մեջ:»
Սա այսպես ասած ուղղակի պատասխանը Օբամային Մատվիենկոյի մակարդակով, որը կարելի է գնահատել բավական համարձակ և հանդուգն: Հնչել է նաև աննուղակի անդրադարձ Ռուսաստանի ստորին պալատի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով:
Այսպիոսով ՌԴ Պետդումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թվիթերյան միկրոբլոգում արել է շատ կարճ, բայց բավական բովանդակալից մի գրառում. «ԱՄՆ-ի գերիշխանության վրա հիմնված աշխարհակարգի վերանայումն անխուսափելի է: Դրան կզուգորդեն մի շարք ճգնաժամեր: Սրանով մարդկության պատմությունն ավարտվո՞ւմ է: Պատմությունը որպես այդպիսին երբեք չի ավարտվում (End of History? History never ends)»:
Փասորեն Ռուսաստանն արդեն իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ հանդգնում է ԱՄՆ-ի նախագահի, ով,ի դեպ, ավանդաբար համարվում է աշխարհի ամենահզոր մարդը, ելույթն արհամարել և լուրջ չընդունել: Գիտեք ինչ դժվար է իրապես ասել, թե Ռուսաստանն իր վերմակից ավելի երկար է մեկնում ոտքը, թե` ոչ: Սա Ռուաստանի կողմից, կա´մ էմոցիաների վրա հիմնված անհեռատեսություն է, կա´մ էլ լավ հաշվարկված քաղաքական խոհեմություն: Չգիտեմ թե կոնկրետ այս երկու տարբերակից, որ մեկը կլինի, քանի որ դա պարզելու համար անհրաժեշտ է ժամանակ, բայց այն, որ Ռուսաստանը բացեիբաց խոսում է աշխարհակարգի փոփոխության մասին և փաստացի մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին փաստ է:
Սպասենք իրադարձությունների զարգացմանը: