Ժնևյան համաձայնությունը ցավոք սրտի կարծես ոչ մի կերպ չի հանդիսանում Ուկրաինայի արևելքում առկա ճգնաժամի կարգավորման համար վստահելի և ազդեցիկ գործոն: Դրա հիմնական պատճառը թերևս այդ համաձայնության ընդհանրական ձևակերպումներն ու մեխանիզմներն են, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Սրան ի հավելումն չմոռանանք, որ զուգահեռ բոլոլ գործընթացների ընթանում է ակտիվ քարոզչական պատերազմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որն իր հերթին խեղաթյուրում է միջազգային հանրության և առհասարակ սովորական քաղաքցիների պատկերացումներն այդ համաձայնության վերաբերյալ: Ռուսաստանն ու ռուսական մեդիան մեկնաբանում է այդ համաձայնությունը մի կերպ, Արևմուտքն ու համապատասխանաբար արևմտյան մեդիան տրամագծորեն այլ կերպ: Իսկ արդյունքում ձգձգվում, կամ էլ ընդհանրապես անհեռանկարային է դառնում վերը նշված ճգնաժամի լուծումը:
Տեսեք ռուսական կողմը սա ներկայանցում է, որպես համաձայնություն, որը պետք է դառնա առանցք Ուկրաինայում սահմանադրական փոփոխությունների և այդ երկրի դաշնայնացման համար: Կարճ ասած ներկայացվում է որպես ռուսական հաղթանակ: Մինչդեռ արևմտյան կողմը մեկնաբանում է սրա բովանդակությունն ու նշանակությունը շեշտակիորեն այլ տեսանկյունից: Ըստ նրանց Ռուսաստանը մեծ հաշվով գնացել է լուրջ զիջման` հրաժարվելով Ուկրանայի դաշնայնացման գաղափարից: Նրանց ներկայացմամբ Ռուսաստանը համաձայնել է արևելյան շրջանների համար որոշակի լիազորությունների ընդլայնման գաղափարին, բայց փոխարենը հրաժարվել է սահմանադրական փոփոխությունների գաղափարից և առավելևս երկրի դաշնայնացման իր համառ մոտեցումից:
Այս համատեքստում, սակայն, հարկ է նշել, որ ռուսական կողմը, ո´չ պաշտոնական, ո´չ էլ մամուլի մակարդակով նման ուղերձ աշխարհին չի հղել: Ասեմ ավելին տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Ապրիլի 17-ին, Ժնևում տեղի ունեցած քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ) հանդիպումից հետո` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենց Ամերիկացի գործընկերները ռուսական կողմին հավաստիացրել են, որ Ուկրաինայում անպայման պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:
Մի խոսքով կրկին հայտնվում ենք կոտրած տաշտակի առջև: Կրկին չկա ընդհանուր ըմբռնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ: Սա թերևս հենց այսպես էլ պետք է լիներ: Ի վերջո այդ համաձայնությունից հետո մի շարք փորձագետներ նախազգուշացնում էին, որ քառակողմ համաձայնությունը չափազանց ընդհանրական դրույքներ է իր մեջ պարունակում, և խնդրի կարգավորման համար համապատասխան հստակ մեխանիզմները բացակայում են: Իսկ դրա արդյունքը եղավ այն ինչն այսօր մենք ունենք: Առկա է Միջազգաին հանրության կողմից աջակցություն ստացած համաձայնություն, որն ով ինչպես ցանկանում մեկնաբանում է, իսկ արդյունքում չի լուծվում Ուկրաինայում ճգնաժամը` հավելյալ տառապանքներ բերելով այդ երկրի ժողովրդին: