Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։

«Փաստինֆո»-ն է գրում և նշում, որ տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաեւ նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։
Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է . այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության եւ ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, եւ նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,- նշել է ԱՆ մամլո քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:


