ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Ադեկվատ» ՀԿ անդամների հետ կապված քրեական գործը կասեցվել է․ «Սիրելի ընկերներ, տեղեկացնեմ, որ գործի կասեցումը զուտ ընթացակարգային փուլ է, քանի որ այս պահին քննչական գործողություններն ավարտվել են, բայց սա բոլորովին չի նշանակում, թե գործն այլևս չի քննվելու, կամ սպառնալիքներ գրողներն անպատիժ են մնալու, այն կվերաբացվի նոր տեղեկություններ ստանալուց հետո»,-գրել է Գայանե Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշել էր․ «Հայտնի չէ, թե ով է այն անձը, որ քրեական գործում պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»։
Ավելի վաղ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Ավագյան անունով հանդես եկող ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հնչող վիրավորանքների եւ մահվան սպառնալիքներ հնչեցնելու առնչությամբ, այդ գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել Նարեկ Մալյանը եւ Արթուր Դանիելյանը։


