Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նախարարության գործունեության մեծագույն արդյունք է որակել ավագանու ընտրություններում դպրոցների ու մանկապարտեզների ներգրավված չլինելու հանգամանքը:

Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Սա համարում եմ վերջին ամիսներին մեր նախարարության գործունեության մեծագույն արդյունք: Որովհետև տեղի է ունեցել ոչ միայն պարզագույն ապաքաղաքականացում, այլ վերացել են ուսուցիչների՝ տարիներ տևող բազմաթիվ կաշկանդվածություններն ու կախվածությունները, ինչն ուղիղ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա: Շնորհակալություն մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այս ձեռքբերումն արձանագրելու համար:

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածության որևէ դեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը»:


