▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահակաշվիլու կուսակցությունն այս օրերին էլ շարունակում է հակահայ վարքագիծը

Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից:

Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած <<Միացյալ ազգային շարժում>> կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը:

Որպես ասվածի ցցուն ապացույց` մեջբերեմ վերոնշյալ կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլիի ապրիլի 8-ին տարածած հայտարարությունը. <<Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում` Ադրբեջանի) ապահովմամբ… >>:

Ուզում եմ հիշեցնել հակամարտության խաղաղ կարգավորման <<ջատագով>> պատգամավորին, որ ԼՂՀ կոնֆլիկտի պարագայում անաչառությունը ենթադրում է, որ առնվազն պետք էր նախ խոսել ազգերի ինքնորոշման, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների մասին, որոնք այնպես ջանադրաբար մերժում են Ադրբեջանն ու նրա հովանավորները:

Ավաղ, Սահակաշվիլիի կուսակցությունն` ուր, անաչառությունն ու սկզբունքներն` ուր: Այս կուսակցությունը խիստ <<սկզբունքորեն>> իր տխրահռչակ կառավարման 10 տարիների ընթացքում <<հաջողեցրեց>> Վրաստանն ընկղմել թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական էքսպանսիայի ճահճի մեջ, որից դուրս գալու համար մեր հարևան երկրին երկար ժամանակ և շատ ջանքեր անհրաժեշտ կլինեն, էլ ուր մնաց զարմանանք նրա անդամների ադրբեջանանպաստ ճամարտանքների համար:

Ինչպես ասում են. <<կարմիր կովը կաշին չի փոխի>>:

Ամեն դեպքում, այս մարդկանց շատ տխուր ապագա է սպասվում, որը պայմանավորված է տեսանելի հեռանկարում խավիարի սպառման վստահ կանխատեսումներով:

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

<<ՋԱՎԱԽՔ>> ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее