ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր պատասխանել է անցած շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր հասցեին հնչեցրած քննադատություններին և որակումներին՝ ասելով, որ ինքը ո՛չ վախկոտ է, ո՛չ էլ գողական: Հարցին, թե ինչու ինքը ցուցմունքներ կամ հայտարարություն չի տալիս ոստիկաններին, ինչի մասին ակնարկում էր ՀՀ ոստիկանապետը, Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Եթե դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ին մոտավորապես, իսկ ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում, բնականաբար ես չէի կարող ականատես լինել այդ ամենին: Իսկ մեր տանը այդ ժամանակ որեւէ մեկը չկար, որ գոնե ինձ պատմեին, ինչ-որ բան ասեին: Ինչ-որ ականատեսներ եղել են, բոլորը ցուցմունքներ տվել են: Այսօրվա դրությամբ այդ մեկնաբանությունները, որ ասում են՝ Բալասանյանը վախկոտ է, գողական եւ այլն… այդ պիտակները ճիշտն ասած, ինձ չեն սազում: Նամանավանդ մեր քաղաքի հետ կապված՝ պետք է կարողանանք հասկանալ, որ Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է»: Հարցին, թե երբ ՀՀ ոստիկանապետը մի քանի անգամ նրան մեղադրեց, ինչո՞ւ ինքը նույնը չասաց ոստիկանապետին, որ Բալասանյանը «ոչ վախկոտ է, ոչ գողական», Ս. Բալասանյանը պատասխանել է. «Նախ եւ առաջ պետք չէր այդ պահին որեւէ բան հակադարձել, հատկապես, երբ ինքը ելույթ էր ունենում: Իսկ ինձ խոսք տված չէր, որ հակադարձեի: Հիմա դրա համար եմ ասում: Հետո էլ հակադարձել, վիճել եւ երեւույթներ սարքելը տրամաբանական չէ մեր քաղաքի համար»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում