Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը, կարելի է ասել, տարբերվեց մյուս պատգամավորների ելույթներից:
Աժ պատգամավորը խոսեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի` այսօր Կոպենհագենում Դանիայի հավաքականի հետ կայանալիք խաղի մասին` նշելով.
«Վերջին անհաջողությունից հետո աճել է հոռետեսությունը: Քննադատում են, անգամ անձնական վիրավորանքներ հասցնում: Անշուշտ, ֆուտբոլային անհաջողություններն իրենց պատճառներն ունեն: Սակայն, պետք է ընդունել, որ մեր սպասելիքները ֆուտբոլի ազգային հավաքականից այսօր տարբեր են, քան մի քանի տարի առաջ: Ընտրական նախորդ ցիկլում հավաքականի ցուցադրած խաղը բոլոր ֆուտբոլասերներին ստիպել է յուրաքանչյուր խաղում սպասել միայն հաղթանակի, անկախ հանգամանքից, թե որ հավաքականի դեմ ենք խաղում կամ որտեղ ենք խաղում: Նման սպասումներին նպատել է նաև իրողությունը, որ հավաքականի առաջատարները` Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը ակումբային մակարդակում փայլուն են հանդես գալիս»,- ասաց Սամվել Ֆարմանյանը` հավելելով, որ պարտավոր ենք լինել հավաքականի կողքին և հավատալ:
«Ես հավատում եմ մեր ազգային ընտրանուն, հավաքականի աստեղային ժամը դեռ առջևում է: Հավատալու ենք նաև վաղը` անկախ այսօրվա խաղի արդյունքներից»,-եզրափակեց Աժ պատգամավորը: