▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն իրականացնել. Հակոբ Կարապետյան

«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երեւանի ամբողջ տարածքում:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։

Գործող օրենսդրությամբ և Սանիտեքի հետ կնքված պայմանագրերով Քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ Սանիտեքի նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված եւ արձանագրված դեպքերի վրա: 
Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով Սանիտեքը վստահաբար բացառություն չէ:

Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը:

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է, տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:

Սանիթեքի՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսեւորում, որը, անշուշտ, իր իրավական հետեւանքները կունենա»,-գրել է Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее