«Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ ՀՀԿ-ում լուրջ դժգոհություն է հարուցել այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ-ում, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթևանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր: Բանն այն է, որ Էդ. Շարմազանովը ոչ երևանցի է, ոչ էլ հայ: Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն»,- գրել էր լրատվամիջոցը։
Այս առնչությամբ Asekose.am-ը պարզաբանում է խնդրել Կրթության եւ գիտութան նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշտոյանից։
« Աբսուրդային եմ որակում կեղծ տեղեկատվության տարածումը, կարծում եմ` ներքաղաքական ուժերից ոմանք, ականատես լինելով առաջին քարոզչական շաբաթվան, բախվեցին եղած իրողության հետ: Երևանցիների սրտերը անառիկ են մնացել շատ ու շատ քաղաքական մրցակիցների համար, և նրանք ստիպված են դիմել նման տեսակի քաղաքական տեխնոլոգիաների: ՀՀԿ-ի ներսում` Գործադիր մարմնի նիստում Էդուարդ Շարմազանովը ստացել է միահամուռ և միանշանակ աջակցում շտաբի պետ նշանակվելու պահին և այդ աջակցությունը վայելում է առ այսօր` իր բոլոր գործողությունների մեջ, որոնք ուղղված են Տարոն Մարգարյանի հաղթանակին: Ասեմ, որ քսենոֆոբիան պատիվ չի վերում իրենց քաղաքակիրթ համարող քաղաքական ուժերին: Նաև շեշտեմ, որ Էդուարդ Շարմազանովը շատ ավելի հայրենասեր ու չվարկաբեկված անձնավորություն է»,- ասել է նա։