▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը՝ Քոչարյանին. ՀՀԿ-ն վարելու է ծրագրային պայքար

Հայաստանի հանրապետական կուսակցությունն անցկացնելու է կոռեկտ նախընտրական արշավ և գաղափարախոսության ու ծրագրերի վրա հիմնված քաղաքական պայքար:

Այդ մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրւոյցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում:

«Հաշվի առնելով, որ հարգելի երկրորդ նախագահն ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունի՝ ես նույնպես զերծ կմնամ նրա հայտարարության մանրամասն մեկնաբանություններից: Սակայն, պետք է նշել, որ Ընտրական օրենսգիրքը, որը նա անխնա քննադատության է ենթարկել, ընդունվել է բացառիկ կոնսենսուսի պայմաններում, ըստ որում՝ ոչ միայն իշխանամետ, այլ նաև ընդդիմադիր ուժերի, հետևաբար՝ այն լավ նախադրյալներ է ստեղծում արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար՝ հակառակ երկրորդ նախագահի կանխատեսումների»,- ընդգծել է հանրապետականը:

Շարմազանովը նշել է նաև, որ ինչպես ՀՀԿ առաջնորդ և նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ցուցակի առաջին համար, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել են, որ հանրապետականների նախընտրական արշավը լինելու է կոռեկտ, իսկ քաղաքական պայքարը հիմնված է լինելու կուսակցության գաղափարախոսության և ներկայացրած ծրագրերի վրա:

Ի պատասխան Asekose.am-ի դիտարկմանը, որ տարբեր ընտրատեղամասերում հանրապետականների միջև ընդհարումներն արդյոք վկայություն չեն այն բանի, որ միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին, ինչպես այդ մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ Շարմազանովը հավաստիացրել է. «ՀՀԿ-ից թեկնածուները չեն մրցակցում միմյանց հետ, ընդհակառակը, նրանք ամեն բան անում են, որպեսզի ավելի շատ ձայն բերեն կուսակցությանը»:

Ըստ որում նա ավելացրել է, որ ընտրական գործընթացները միշտ ուղեկցվում են որոշակի լարվածությամբ, սակայն դա հանրապետականների միջև տարաձայնությունների հետևանք չէ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее