Սևակ Միքայելյանը ՝ Հայաստանի ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին, ինքնաառաջադրվեց Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:

Հրազդան եւ Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 26-ից սկսվել է թեկնածուների առաջադրումը.

«Սեպտեմբերի 27-ին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել Սեւակ Սասունի Միքայելյանը՝ ինքնաառաջադրմամբ: Այլ թեկնածուներ դեռեւս չեն առաջադրվել: Սոլակ համայնքից առաջադրվել են 3 թեկնածուներ՝ բոլորն էլ ինքնաառաջադրմամբ՝ Էդգար Խաչատրյանը, ով ներկայումս Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոման Դանիելյանը»,-հայտնեց հանձնաժողովի նախագահը:
Քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, ավարտվելու է հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 20-ը լռության օր է, 21-ին էլ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:


