▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ մտահոգիչ է իրավիճակը մեր հայրենիքում. Վալերի-Աշխեն Գործունյան

«Երբ   իսկապես  հայ ես և հետաքրքրվում ես Հայաստանով, հասկանում ես, որ շատ մտահոգիչ  է  իրավիճակը մեր հայրենիքում»,- Asekose.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում  իր գործունեության ընթացքում,  որպես  «Փարիզյան Սուրճի» տիրուհի հայտնի դարձած, այժմ Ֆրանսիայում բնակվող  գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Նա, որպես սփյուռքի ներկայացուցիչ, ով հնարավորություն ունի, դրսից հայացք նետելու հայաստանյան իրավիճակներին ու ժամանակին էլ դիտարկել  և անձամբ առընչվել է հայրենիքում առկա խնդիրներին, մանրամասնում է իր մտահոգության պատճառները.  

«Արտագաղթը աճում է,  օլիգարխիան շարունակում է տիրել: Իսկ այս վերջին` Մաքսային միությանը միանալու որոշումը սարսափելիորեն ավելացնում է մտահոգությունը, քանի որ դա ավելի շուտ  միացում է  Ռուսաստանին: Ֆրանսիայում և ամենուր հայրենիքով մտահոգվող  հայերին  հուզում է Հայաստանի  այս վիճակը: Վերջին 20 տարիներին  մեր հայրենիքի վիճակն այսքան վատ չէր եղել դեռ: Որպես ազատ երկիր գոյություն ունենալը վտանգված է , և չեմ կարծում թե չափազանցնում եմ , այլ հարց է, որ կան մարդիկ ովքեր ուզում են վերադարձ դեպի Ռուսաստան որպես ստրուկ»,-ասում է տիկին Գործունյանը:

Համեմատելով Եվրամիության ասոցացման պայմանագիր ստորագրելն  ու Մաքսային միության անդամ դառնալը  Վալերի Գործունյանը նշել է, որ ինքն  անձամբ կնախընտրեր Եվրոպայի հետ համագործակցությունը` բացատրելով թե ինչով է դա ձեռնտու Հայաստանին.

«Եվրոպայի հետ համագործակցելու դեպքում  Հայաստանը որպես պետություն, ստիպված կլիներ աստիճանաբար  ավելի ժողովրդավար դառնալ,  ավելի մոտենալու եվրոպական չափանիշներին, որոնց դեպքում մարդկանց իրավունքները ավելի պաշտպանված են քան Ռուսաստանում: Բացի դրանից  եվրոպական շուկան կբացվեր Հայաստանի համար, որ աշխարհի ամենամեծ շուկաներից մեկն է:Այսօր այդ ամենը փոխում ենք Ռուսաստանի հետ, Մաքսային միության հետ,  որի մեջ մտնում է Բելառուսիան կամ Ղազախստանը, որտեղ դիկտատորական ռեժիմներ են գործում: Չեմ կարծում, որ դա լավ օրինակ է  լինելու Հայաստանի համար, առավել ևս, որ մեր երկիրը շատ ավելի աղքատ է այդ երկրներից: Մենք  միայն աշխատուժ ենք դառնալու այդ միության մեջ, իսկ դա մեր երկիրն ավելի մեծ թափով կդատարկի: Միջին և փոքր բիզնեսի զարգացման  համար ընդհանրապես որևէ դրական բան չեմ տեսնում, դատարկ  և ստրուկ երկրում չի կարող այն զարգանալ»:

Վալերի Գործունյանն, անդրադառնալով քաղաքացիական բողոքի դրսևորումներին, այդ թվում նաև Մաքսային միության դեմ կազմակերպված ակցիաներին, նշել է, որ լավ է, երբ քաղաքացիները պայքարում են սեփական իրավունքների համար, բայց Մաքսային միության մեջ մտնելուց հետո, գուցե Հայաստանն այնքան նմանվի Ռուսաստանին, որ ընդհանրապես արգելվեն նման ցույցերը…

«Այս ամենը շատ մտահոգիչ է ինձ համար, որ Ֆրանսիայում եմ,   և  հայրենիքի ու հայ ժողովրդի համար անհանգստացող բոլոր հայերի համար»,-զրույցի վերջում ավելացրել է Վալերի -Աշխեն Գործունյանը: 

 

Հեղինակ`  

Նանե Բագրատունի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее