▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նոր միջնորդություն է ներկայացվել` կապված «Կուտակայինի» հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Բարձր դատարան,

2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց  «Կուտակային կենսաթոշակների մասին»   Հայաստանի Հանրապետության  օրենքի  76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:

Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ: Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ:

Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թվականի հունվարի մեկից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը: Սա տարիքային խտրականության դրսևորում է և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի խախտում: 

Հուսով ենք այս միջնորդությունը կարժանանա անհրաժեշտ ուշադրության և կստանա դրական լուծում: 

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչ՝ 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

31 հունվարի 2014 թվական

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее