▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդրակ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ մերժեցին, բայց մրցույթը շահողն էլ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴ ՉԷ

Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Այգեձոր» ընկերությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդուն պատկանող ընկերությունը: Այդ մասին գրում է «Ժամանակը»։

«Հետաքրքիր է, որ այս երկու ընկերություններից եւ ոչ մեկը չի շահել մրցույթը: Քոչարյանի որդին ամեն կերպ փորձում էր շահել այդ մրցույթը, բայց չկարողացավ: Կենտրոնը կառուցվում է Մրցունակության հիմնադրամի հովանավորությամբ եւ լինելու է այդ ոլորտում գերհզոր կենտրոն: 

Շինարարական աշխատանքների մրցույթը, սակայն, շահել է ինչ-որ MML ընկերություն, որը առաջին հայացքից ոչինչ չի ասում, եւ թվում է, թե այն կապ չունի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Բայց դա` առաջին հայացքից: 

«Ժամանակի» տեղեկություններով` MML-ը պատկանում է Լավրենտի Միքայելյանին: Ավելի շուտ` այդ ընկերությունը ստեղծել է ինքը, բայց հետո փոխանցել որդուն: Եվ ընկերության անունն էլ որդու անուն-ազգանուն-հայրանվան առաջին տառերն են. MML` Միքայելյան Միքայել Լավրենտիի: 

Ներկայացնենք Լ. Միքայելյանի հետ կապված մի քանի մանրամասներ: Վերջինս «Էներգացանցշին» ՍՊԸ խորհրդի նախագահն ու սեփականատերն է, եւ որ ամենակարեւորն է` Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ու էներգետիկական հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է: Լ. Միքայելյանը բոլորովին էլ պատահական մարդ չէ. նա կապեր ու հարաբերություններ ունի իշխանական վերնախավում: Ժամանակին նա կապ ուներ Ռ. Քոչարյանի հետ եւ որոշակի գործունեություն է ծավալել Լեռնային Ղարաբաղում: Դրանից հետո նա կապեր է հաստատել նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: 

Լ. Միքայելյանը 1998թ. ընդամենը 80.000 դոլարով սեփականաշնորհել է իր ղեկավարած «Էներգացանցշին» ընկերությունն ու կից հանրակացարանի Բաբայան փողոցի ամբողջ հատվածը: Ընդամենը 15.000 դոլարով էլ սեփականաշնորհել է այդ ընկերության ճաշարանը:

«Էներգացանցշին» ընկերությունը գտնվում է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում` Բաբայան 10/1 հասցեում: Լավ պատկերացնելու համար` նշենք, որ այդ շենքը Ազատության պողոտայի սկզբնամասի հենց առաջին եւ անկյունային շենքն է, որն ունի յուրահատուկ ճարտարապետական արժեք եւ անմիջապես նայում է հայտնի «Հաղթանակ» այգուն: Սակայն սեփականատերը տարիներ առաջ անթույլատրելի շինարարություն սկսեց այդ անկյունային հատվածում, փչացրեց շենքի ճարտարապետական տեսքն ու մինչեւ այժմ այն թողեց կիսակառույց վիճակում:

Մամուլում հրապարակումներ կային, որ «Էներգացանցշին» ընկերությունն իր նախորդից՝ սովետական տրեստից ժառանգել է շատ հարուստ կարողություն: Ընկերությանը պատկանող բազաները լի են եղել տեխնիկայով ու շինարարական նյութերով: 

Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո այդ տրեստը շինարարական այլ ընկերությունների հետ միասին ունեցավ Հայաստան օգնություն մտած տեխնիկայի իր բաժինը: Այս ահռելի ժառանգությունը, ասում են, Լ. Միքայելյանը արժեզրկելով՝ փոխանցել է արդեն ընկերությունների հաշվեկշռին: Եվ հավանաբար հենց այդ գողացած հարստության հաշվին էլ նա իր որդիների համար շինարարական ընկերություն է հիմնել, իսկ ինքը կարողացել է մուտք գործել իշխանական տարբեր կառույցներ, այդ թվում` Հանրային խորհուրդ, որ իր կապերի միջոցով կարողանա շինարարական մրցույթներ ապահովել որդիների ընկերությունների համար: 

Այնպես որ` Հայաստանում եւ ոչ մի խոշոր մրցույթ` լինի դա շինարարական, թե այլ ոլորտում, պատահական մարդ չի չի շահում»,- գրում է թերթը:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее