ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ, ի պատասխան դերասան Սամսոն Ստեփանյանի հարցի, թե ինչ քայլեր են կատարվելու մշակույթի ոլորտում, ասել է, որ անցած տարի մշակույթի ոլորտին ավելի շատ գումարներ են տրամադրվել, քան արտաքին հարաբերությունների ոլորտին, ապա նշել է, որ ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում է նկարահանվում։
«Այսինքն՝ կարևորում ենք և շարունակելու ենք կարևորել։ Մեր տարածաշրջանում այդքան պետական թատրոններ կա՞ն, իհարկե չկան։ Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում նկարահանվում»,– նախագահի խոսքն է մեջբերել Թերթ.am-ն ու ավելացրել, որ Սերժ Սարգսյանը, խոսելով սերիալներից, ասել է, որ համամիտ չէ կարծիքի հետ, թե սերիալները որակյալ չեն։ «Ուզում եք հե՞տ գնալ, ավելի լավ է բրազիլական, մեքսիկական սերիալ նայե՞նք, թե ի՞նչ»,– հարցրել է նախագահը։