«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի»,- այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները, և լուրերը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:
«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե´ ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- նշել է ՀՀ Նախագահը:
Հիշեցնենք, որ մինչ այս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն մերժում է ստացել: Նշվել էր նաեւ, որ ՀՀԿ-ում արդեն որոշել են, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: