Սերժ Սարգսյանն այսօր խաղարկեց «շախմատային պարտիայի» վերջնարդյունքը ուրվագծող վերջին՝ փայլուն կոմբինացիան: Առհասարակ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական գործիչ չեմ համակրել և չեմ համակրում, իսկ իր ղեկավարած հանրապետական կուսակցության վերաբերյալ բազմաթիվ վերապահումներ ունեմ: Բայցևայնպես չեմ կարող դաշտը դիտարկելիս օբյեկտիվ չլինել:
Այսպես ուրեմն. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում Սարգսյանը ուղղակիորեն «ոչնչացրեց» իր հակառակորդներին: Եթե ուշադիր հետևենք ներկայումս մեր երկրի քաղաքական իրողություններին, ապա անհնար է չհամաձայնվել այն փաստի հետ, որ այսօր Սերժ Սարգսյանը լուծեց սպասվող «ազգային համաձայնության» կառավարության ամենաառանցքային հարցերից մեկը:
Ինչպես հիշում ենք «հրաշալի քառյակի» անքակտելի երկյակ համարվող ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել էին, որ պատրաստ են ընդգրկվել կառավարությունում եթե.....
ԲՀԿ-ի «եթե»-կարծես լուծվում է Արգամիչի թեկնածությունով, իսկ ՀՅԴ-ի «Եթե»-ն լուծվեց այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից «բացահայտված» կետերով:
Այսպիսով Սերժ Սարգսյանը կարելի է ասել բավարարում է նաև ՀՅԴ-ի պահանջը՝ Խորհրդարանական հանրապետությանը անցման առաջարկով:
Սպասենք իրադարձությունների զարգացմանը, որոնք, իմ կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո ավելի կանխատեսելի դարձան:
Հ.Գ. Այսօրվա Սարգսյանի հանդիպման ընթացքը հատկանշական է նաև նրանով, որ նա պատմության մեջ է մտնում, որպես ՀՀ այն նախագահը, ով նախաձեռնելով Սահմանադրական բարեփոխումներ համաձայն չէ (համենայն դեպս այդպես է ասում) այդ բարեփոխումներից ամենակարևորի՝ Հանրապետության կառավարման ձևի փոփոխության հետ, բայց միևնույն է «գնում» սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի:
Հ.Գ.2 Իսկ «հրաշալի քառյակ»-ի կնքահոր կարգավիճակում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն քաղաքական դաշտը մեկընդմիշտ լքելու նախաշեմին է հայտնվել: