Նախեւառաջ ուզում եմ ցանկանալ Սերժ Սարգսյանին քաջ առողջություն: Ցինիզմի նշույլ իսկ մաղթանքումս չկա: Այո, նա իմ ու, կարծում եմ, հայերիս մեծամասնության քաղաքական, գաղափարական ու անգամ քաղաքակրթական հակառակորդն է, սակայն իր նախորդների ու նրա ստեղծված իշխանական համակարգն այնպիսին է, որ չափազանց շատ բան է կախված մեկ մարդուց, նրա անձնական որակներից, նրա թերություններից ու առաքինություններից, նրա կախվածության ու ծախվախության աստիճանից եւ անգամ նրա առողջությունից: Ու եթե մեզ բաժին է հասել մարտնչել ներսի հակառակորդի դեմ, մենք, ասպետական կանոնակարգի համաձայն, պետք է իմանանք, որ հակառակորդն այդ տկար ու անմեղսունակ չէ: Այդպես որ Սերժ Սարգսյանի ֆիզիկական ու հոգեկան առողջությունն այլեւս ոչ թե նրա անձնական գործն է, այլ համազգային խնդիր: Մեկ տարի առաջ, ապրիլի 9-ի չարաբաստիկ օրը դիտելով Օպերայի հարթակում Րաֆֆի Հովհաննիսյանի տարօրինակ շարժուձեւը ու լսելով նրա անկապ խոսքերը, մենք` Ժիրայր Սեֆիլյանի ու Ալեք Ենիգոմշյանի հետ ապշած հարցնում էինք միմյանց, արդյո՞ք Րաֆֆին չի խանգառվել, արդյո՞ք նա թմրադեղի կամ ալկոհոլի ազդեցության տակ չէ, արդյո՞ք նրան չեն թունավորել... Այսօր դա էական չէ, սակայն բջջային ցողումների պատմությունը հանրային սեփականություն դարձնելուց հետո, Սերժ Սարգսյանն ակամա թե կամա հարց է դնում հասարակության առաջ` արդյո՞ք նրա վերջին սահմանադրական դեգերումները արդյունք են նրա վատթարացող առողջական վիճակի եւ յուրահատուկ քաղաքական կտակ, թե նա հերթական անգամ, ինչպես եւ անցյալում, փորձում է խուսանավել արտաքին ճնշման ու անձնական շահերի միջեւ? Մենք նման հարցադրման իրավունք ու պարտականություն ունենք, քանզի տասնամյակներով նա, իր նախորդների հետ միասին, ում ասես շահերն էր սպասարկում բացի մեկի` հայ ժողովրդի շահերից: Ու եթե նա այսօր իսկապես ապաշխարհանք է ուզում ու հրաժեշտ է տալիս, մենք, որքան ցասումով, նույնքան էլ մարդասիրությամբ լցված, պետք է հստակ իմանանք նրա անկեղծության աստիճանը, քանզի դրանից կախված է մեր երկի ու մեր երեխաների ապագան: Իսկ եթե սա հերթական ցինիկ ու մելոդրամատիկ բեմադրություն է, մենք պետք է նույնքան հստակ եզրահանգում անենք դրանից:
Ընդունվող-չընդունվող օրենքների արժեքը մեկն է` նրանց կիրառումը: Օրենսգրքում ու Սահմանադրությամ մեջ առկա դրույթները լիուբոլ են մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, հոկտեմբերի 26-ը ու բոլոր այլ պետական հանցագործությունները բացահայտելու համար: Սահմանադրության փաստացի բացակայությունը չի խանգառում Բրիտանիային կամ Իսրայելին հզոր, հարուստ ու ժողովրդավարական պետություններ լինել: Իսկ հեղաշրջումների ու սպանությունների արդյունքում իշխանության եկած «կուսակցությունը» ապահովագրելով սույն «բարեփոխումների» կույտը միմիայն ամրապնդում է Հայաստանը քայքայող հիմնական գործոնը` ժողովրդի բացարձակ անվստահությունը իշխանության ոը պետության հանդեպ: Այդպես որ Սերժ Սարգսյանի մարտահրավերը ուղղված է նախեւառաջ իրեն ու նրա կողմից այսօր առաջնորդվող վարչախմբին: Եթե նա անձամբ ու անկեղծ ուզում է ապաշխարհել եւ հրաժեշտ տալ տասնամյակներ ստեղծվող փարովոնական իր բուրգին, մենք մեր համազգային ընտանեկան խորհրդում պետք է քննարկենք այդ ուղերձը եւ որոշում ընդունենք, նկատի առնելով Ռուսաստանի մոտեցող գահավիժումն ու մեր առաջ խոյացող բոլոր վտանգները: Այդ դեպքում մեկ ու ահեղ հակառակորդ կպակասի մեր ռազմաճակատում: Իսկ եթե մեզ միամիտների տեղ են դնում ու հերթական թալակ լարում մեր դեմ, ապա մեզ մնում է միայն մեկ այլընտրանք: Եւ դա ոչ թե արտագաղթն է ու ոչ էլ պետականության վերջը:
Սերժ Սարգսյանի մարտահրավերը ուղղված է նախևառաջ իրեն ու նրա կողմից այսօր առաջնորդվող վարչախմբին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet