PanARMENIAN.Net-ը գրում է, որ Մշակույթի նախարարությունը չի թույլատրել շինարարություն իրականացնել «Փակ շուկա»-ում: Այս մասին այսօր Եվրոպական ժառանգության օրերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Փակ շուկա»-ում ավարտին մոտեցող շինարարությանը` ասել է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
«Մշակույթի նախարարությունն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է: Այնտեղ իրականացվող շինարարությունն ապօրինի է: Նախարարությունն իր իրավասության սահմաններում մշտապես բարձրաձայնել է այդ մասին և աշխատել իրեն վերապահված լիազորությունների սահմանում»,-նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նախարարությունը բազմիցս նամակներ է ուղարկել հարցով լիազոր բոլոր մարմիններին:
«Մենք դատախազության գուրծառույթ չունենք, կարող ենք միայն մեր դիրքորոշումն արտահայտել»,- ասել է Արև Սամուելյանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը հավելել է, որ բոլոր օրերին ու, հատկապես, Եվրոպական ժառանգության օրերին, «պետք է հարգել ու սիրել սեփական ժառանգությունը», ու դա վերաբերում է բոլորին՝ «սովորական քաղաքացուց՝ մինչև ամենապաշտոնատար անձանց»:
«Գուցե դժվարությամբ, բայց մեր իրավասության սահմաններում մենք արել ենք ամեն ինչ»,- եզրափակեց Սամուելյանը: