▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի սփյուռքահայեր, ենթադրում եմ, որ դուք էլ մեր իշխանությունների նման բիզնես մտածողություն ունեք

Այսօր որոշել եմ մեր հարգարժան սփյուռքին խորհուրդ տալ: Դե ինչպե՞ս են իրենք այստեղի իրավիճակը շատ լավ պատկերացնելով ու հասկանալով, մեզ խորհուրդ տալիս, թե մենք ոնց և ինչ անենք, որ մեր սիրելի Հայաստանը բարգավաճի, որ կարողանանք իշխանություններին պարտադրենք աշխատել: Ես էլ նման կերպ լավ պատկերացնելով սփյուռքում տիրող իրավիճակը, ինձ իրավունք եմ վերապահում խորհուրդ տալ իրենց , թե իրենք ինչ և ինչպես պիտի անեն, որ իրենց սիրելի Հայաստանը բարգավաճի և մեր սիրելի իշխանություններին էլ կարողանան պարտադրել աշխատել: Իհարկե սա ոչ բոլորին է վերաբերվում, ում որ վերաբերվում է իրենք կհասկանան:

Դուք ասում եք, որ մենք չենք կարողանում միավորվել և միահամուռ ուժերով պարտադրել իշխանություններին լինել պետականամետ և գործել հանուն ազգի ու պետության բարորության: Հիմա ես էլ ձեզ եմ ասում, փոխանակ ձեր ներքին դաշնակ-հնչակ խաղերը շարունակեք, փոխանակ ձեր ներքին եկեղեցական պառակտումները շարունակեք, չեք կարողանում միավորվել և միահամուռ ուժերով ազդել Հայաստանի իշխանությունների վրա: Ընդ որում մեր սիրելի իշխանությունները այստեղ ճնշելու լծակներ ունեն, բայց մի՞թե սփյուռքին ևս կարողանում են ճնշել: Ասեք իմանանք, որ էլ ձեզ խորհուրդ չտանք: Ինձ թվում էր` հակառակը, մեր իշխանություններն են կախված սփյուռքի «ողորմածությունից»: Ի դեպ ողորմածության մասին: Երկրորդ խորհուրդս է՝ էդ ողորմածությունը մի տվեք Հայաստանին: Ձեր սրտի մխիթարանքի համար տալիս եք, արդյունքում սրանց եք ուժեղացնում, արդյունքում սրանք ժողովրդից կախվածություն չունեն և առանց աչք թարթելու ճնշում են: Իսկ եթե տալիս եք, ապա մինչև վերջին ցենտը տեր կանգնեք, որ տված գումարը ծառայի նպատակին: Հակառակ դեպքում ավելի լավ է մի տվեք, որ սրանք պարտադրաված լինեն աշխատել, ժողովրդից կախվածություն ունենան: Իսկ այսօր սրանց նույնիսկ չի հետաքրքրում, թե այդ ժողովուրդը այստեղ կապրի՞, թե դրսում: Իրենք նույնիսկ շուկա ունենալու խնդիր չունեն: Չէ՞ որ հենց այդ ժողովուրդ է իրենց շուկան ու իրենց բիզնեսների սպառողը: Բիզնես ասեցի հիշեցի... փաստորեն, եթե դուք ամերիկաներում ու եվրոպաներում կրթված ու կայացած լինելով այսքան բանը տեսնելով ու հասկանալով շարունակում եք ձեր ներքին խժդժություններին կուլ գնալ և չմիավորվել հանուն Հայստանի ապագայի, ապա ինձ թույլ եմ տալս ենթադրել, որ դուք էլ ունեք մեր սիրելի իշխանությունների նման բիզնես մտածողություն: Նախ փող, հետո ազգ, նախ փող, հետո պետություն, նախ փող հետո մշակույթ...

Ինչևէ այսքանից հետո ես միևնույն է սիրում եմ ձեզ որպես իմ ազգակիցների և մաղթում շուտափույթ միավորում հանուն Հայաստանի կայացման ու հզորացման:

Տիգրան Մարտիրոսյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее