Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Ռուբին Մանուկյանի գործի դատավարությունը:
Այս մասին տեղեկացնում է «Ժամանակ» թերթը և նշում, որ Ռուբինը ծնվել է Սիրիայում` Դամասկոսում: Նա երկքաղաքացի է` Հայաստանի և Սիրիայի, Հայաստանում ունի բնակարան, աշխատանք:
Մի օր ծանոթացել է երևանյան մարմնավաճառներ Լիանայի, Էմմայի, Գայանեի ու Գեղեցիկի հետ և որոշել կազմակերպել նրանց աշխատանքը` նրանց ծանոթացնելով Հայաստան ժամանած իր հայրենակիցների հետ:
Յուրաքանչյուր հաճախորդի համար յուրաքանչյուր մարմնավաճառից իր ծառայությունների դիմաց նա վերցրել է 10-15 հազար դրամ:
Ռ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Դատարանում ամբաստանյալը հայտնել է, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում և զղջում է: Նա միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով, ինչին չի առարկել մեղադրողը:
Դատարանը, սակայն, ամբաստանյալ Ռ.Մանուկյանին հիշեցրել է, որ նշված հոդվածով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, և այդ հոդվածի 2-րդ մասին 5-րդ կետով կարող է նշանակվել ազատազրկում' 3-6 տարի ժամկետով: