▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայերը նույնիսկ կես օր առանց կացարանի չեն մնա.Նրանց կոչ են անում Հայաստան գալ

«Հալեպում ծանր վիճակը շարունակվում է և շուրջ 250.000 հայությունից այնտեղ այսօր բնակվում են մոտ 20.000-ը: Դժբախատաբար, զոհեր և վիրավորներ ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Իսկ, թե ինչո՞ւ են մեր հայրենակիցները շարունակում մնալ թեժ մարտերի կիզակետում հարցին անդրադառնալով՝ պատասխանեց.

«Այնքան էլ հեշտ չէ սիրիահայերի տեղափոխության կազմակերպումը Հայաստան: Այն կարող է երկու պետությունների միջև լուրջ տարաձայնությունների տեղիք տալ: Մենք չունենք նրանց վերցնելու ու բերելու լծակներ: Նրանք բազմաթիվ պարտականություններ ունեն այդ պետության համար: Խոսքը զինապարտության, բանկային և նման բազմաթիվ խնդիրների մասին է: Եվ, հետո՝ ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Նրանք գիտեն, որ անհրաժեշտ է դիմել հյուպատոսարանին կամ շտապ օգնության համակարգողին: Եթե որևէ սիրիահայ կարող է վկայել, որ դիմել է պաշտոնական աղբյուրներին և քայլեր չեն ձեռնարկվել, ես պատրաստ եմ ամեն բառիս համար պատասխան տալ: Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք գան, հարմարվեն: Կա՞ որևէ սիրիահայ, որը Հայաստանում դուրս է մնացել պատկան մարմինների ուշադրությունից: Արդեն առանձնացված տարածքներ ունենք սիրիահայերի ժամանակավոր բնակության համար: Եթե գան՝ կես օր չեն մնա առանց կացարանի»:

Ասուլիսին ներկա էր «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հ/կ տնօրեն Հայասա Թահմազյանը, ով ասաց, որ սիրիահայերը հիմնականում գումարի բացակայության պատճառով չեն կարողանում Հայաստան գալ.

«Մինչև նոյեմբերի սկիզբ 100 սիրիահայ կգա Հայաստան, մենք կարողացել ենք դեպի Հայաստան տոմսեր ձեռք բերել՝ բարերարների օժանդակությամբ»,-հայտնեց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հ/կ տնօրենը:

ՀՀ սփյուռքի փոխնախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հատկապես վերջին մի քանի օրերին  ամեն ինչ անում է՝ օգնություն կազմակերպելու համար: Ամենօրյա կապ կա Հալեպում մեր հյուպատոսարանի հետ: Երեկ 20 տոննա օգնություն(սննդամթերք և ջուր)տեղափոխվեց Լաթաքիա, որտեղից էլ ռուսական զորքի հսկողությամբ կտեղափոխվի Հալեպ: Այսօր կամ վաղը կթռչի 2-րդ ինքնաթիռը:

«Եվ այն սիրիահայերը, ովքեր շատ արագ կկարողանան փաստաթղթային խնդիրները կարգավորել, կարող են ուղարկված ինքանթիռներով Հայաստան գալ»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее