Օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը դիտել է մի տեսանյութ, որտեղ «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար: Սա առիթ դարձավ մարզպետի ու Ր. Հովհաննիսյանի «փոխհրաձգության»: «Ժողովուրդ»-ի ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում. «1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին և հրատարակեցին «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հակագիտական և հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին` ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Ր. Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում`Եվրախորհրդի նիստում, թուրք և ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից»:
Թերթի հաջորդ էջերում ներկայացնլով տեսանյութի բովանդակությունը` «Ժողովուրդը» մասնավորապես գրել է. «1997թ. ամերիկյան կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ երկու հատորով հրատարակեցին մի կոլեկտիվ աշխատություն: Ռ. Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս երկհատորյակը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգների համալսարաններում հայագիտության ամբիոններում դասավանդելու համար: Այս հակագիտական, սխալներով խեղաթյուրումներով լի դասագիրքը դաստիարակում է ամերիկահայ աճող սերնդին, ուսանողությանը: Եվ այս քայքայիչ գործունեության ողջ պատասխանատվությունը պետք է բաժանեն թե' այս երկհատորյակի նշված հեղինակները, թե' ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի այն ներկայացուցիչները, որոնք, ժամանակին բոլշևիկյան Կրեմլի խամաճիկները լինելով, այսօր էլ դրամական գրանտների սպասումով և կրավորական դիրքորոշում որդեգրելով՝ ծառայում են նոր տերերին: Եվ օտարերկրյա այս հայագետներին շնորհվում են շքանշաններ ու ՀՀ պատվավոր քաղաքացու կոչումներ»:
Տեսանյութի վերջում կոչ է արվում միանալ իրենց պայքարին, որպեսզի այդ կեղծարարությունը չշարունակվի: Օրաթերթը խոստանում է, որ տեսանյութը 2 օր անց կտեղադրվի arm-lur.am կայքում:
Սկանդալային տեսանյութ, որ շուտով կհայտնվի համացանցում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet