Ermenihaber.am լրատվական գործակալությունը զրուցել է Թուրքիայի կովկասյան հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայի հետ, ում անվան հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել հայկական մամուլում ու սոցցանցերում: Իսկ պատճառն այն էր, որ Հայաստանում գտնվելու օրերին Օքթայը բազմաթիվ անգամ լուսանկարվել էր «Գորշ գայլեր»-ի սիմվոլն արտահայտող ձեռքի նշանով և դրանք տեղադրել համացանցում:
- Ցանկանում ենք տեղեկանալ` արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Դուք Հայաստանում «Անադոլու» լրատվական գործակալության մասնաճյուղ բացելու մտադրություն ունեք:
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերի համար: Ես 10 տարի է, ինչ գալիս եմ Հայաստան ու Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրություններ ունեմ, իսկ իմ ղեկավարած «Kafkassam»-ը (Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն) Հայաստանի մասին ուսումնասիրություններին ու վերլուծական նյութերին մեծ տեղ հատկացնող կենտրոն է: Մեր կենտրոնի կայքում 7 լեզվով՝ այդ թվում հայերեն, հրապարակումներ ենք անում: Ձգտում ենք հասկանալ տարածաշրջանային զարգացումների էությունը անկողմնակալ և հիմնավոր կերպով: Վեց ամիս առաջ Հայաստան կատարածս նախորդ այցի ժամանակ այդտեղ «Kafkassam»-ի մասնաճյուղ հարցով հետաքրքրվեցինք: Հայաստանում ունեցած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել ենք այդտեղ մեր կենտրոնի մասնաճյուղն բացելու հեռանկարները, հնարավոր դրական կամ բացասական զարգացումները: Այս վերջին այցիս ընթացքում էլ կազմակերպության մասնաճյուղը բացելու հարցն ավելի հստակեցնելու նպատակով մի քանի հանդիպումներ ունեցանք: Իմ գլխավորած կազմակերպությունը «Կովկասսամ»-ն է, որն անկախ կազմակերպություն է: Ես «Անադոլու» լրատվական գործակալության հետ կապ չունեմ:
- Facebook սոցիալական ցանցում լուսանկարներ եք տեղադրել, որոնցում ցույց եք տալիս «Գորշ գայլերի» հայտնի ձեռքի նշանը: Այդ պատճառով կարծիք կա, որ դուք նշյալ կազմակերպության անդամ կամ համակիր եք: Ի՞նչ կասեք այդ մասին:
- «Facebook»-ը տեղեկությունն աշխարհում արագ տարածող ցանց է: Մենք էլ, լինելով քաղաքացիական և ժողովրդավարական կազմակերպություն, մեր գործողությունները տարածում ենք նշյալ ցանցի միջոցով: Ես իմ մտքերը հաճախ եմ հայտնել հայկական մամուլում: Ճշմարիտ է այն իրողությունը, որ ես հայացքներով ազգայնական թուրք եմ և մոտ եմ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցությունը համարվում է «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը – EH խմբ.): Ես ամեն անգամ Երևան գալիս տարբեր տեղերում լուսանկարվել եմ և դրանք տեղադրել «Facebook»-ում: Այդ նկարների մեջ Գորշ գայլի նշանով նկարներ էլ կան և սա առաջին անգամը չէ: Ես ամենուր Հայաստանի մասին խոսում եմ որպես ազատ ու ժողովրդավարական երկրի: Նույնիսկ Ստամբուլի Մարմարա համալսարանւմ տեղի ունեցած մի խորհրդաժողովի ժամանակ Հարավային Կովկասում ժողովրդավարության մասին խոսելիս Վրաստանը դասել եմ 1-ին, Հայաստանը՝ 2-րդ, իսկ Ադրբեջանը՝ 3-րդ տեղում:
Այն ժամանկ Ադրբեջանից ժամանած մասնակիցները բողոքեցին իմ դեմ, իսկ ադրբեջանական մամուլում իմ մասին քննադատական հրապարակումներ եղան:
Թուրքիայում «Գորշ գայլեր» անվանմամբ կազմակերպություն գործելու մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում: Հայկական մամուլը, մի կողմ թողած աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, 2 օր է, ինչ իմ դեմ աղմուկ է բարձրացրել: Իմ կազմակերպության անունը «Kafkassam»-է, և ես միայն այդ անվանումով մասնաճյուղ բացելու ուղղությամբ կարող եմ աշխատել: «Գորշ գայլեր» կազմակերպություն գոյություն չունի. հայկական մամուլը պետք է թարմացնի իր տեղեկությունները: Ես անձամբ շատ եմ ցավում հայկական մամուլի համար»:
Վերջում Հասան Օքթայը, նշելով, որ իրենց կազմակերպության ուսումնասիրության ոլորտը Կովկասն է, և իրենք նպատակ ունեն նպաստել ժողովուրդների մերձեցմանն ու փոխադարձ ճանաչմանը, քննադատել է հայկական մեդիայում տեղի ունեցող զարգացումները, ասելով, որ դրանք վնասում են ոչ թե իրեն, այլ ստվեր են գցում Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների վրա: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ պետք է կանգնեցնեն այդ սկանդալը:
Հատկանշական է այն, որ իր ֆեյսբուքյան գրառումներում Երևանը Revan անվանած Հասան Օքթայը մեր հարցերին պատասխանելիս օգտագործել է բացառապես Erivan տարբերակը:
Հարցազրույցը վարեց Ռաֆայել Սահակյանը