▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սմերչները» դրել են Նախիջևանում ու հարմար առիթի են սպասում, որ Երևանը հողին հավասարեցնեն. Արա Պապյան

Newsbook.am-ը գրում է. Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը հնարավոր է համարում թուրքական զորքերի մուտքը Իրաք: «Իհարկե, հնարավոր է մուտքը Իրաք, և ըստ էության, թուրքական զորքերն արդեն Իրաքի տարածքում են գտնվում: Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս իրենք վաղուց են տեղակայված, ուղղակի խնդիրն այն է, թե ի՞նչ ձևով և ի՞նչ ծավալով կմասնակցի թուրքական բանակը Մոսուլի գրավմանը: Եվ այստեղ խոսքը միայն գրավումը չէ, այլ դրանից հետո, եթե գրավեն, այդտեղ էլ կմնան: Այսինքն՝ սա Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականության արդեն իրական դրսևորումն է, և եթե մինչ այդ ինչ-որ ձևով այն տեսություն էր, հիմա գործնական է դառնում: Թուրքական բանակն արդեն գտնվում է Սիրիայի, Իրաքի հյուսիսում, և սա կհանգենցի նրան, որ այս բախումների շրջանակի տարածքային ընդգրկումն ավելի կմեծանա»,-  ասաց Արա Պապյանը: Կարծիք կա, որ Թուրքիայի փլուզման գործընթացն արդեն սկսվում է և դրանով բացվում է Նախիջևանի հարցը, որին հավակնում է Իրանը: Անդրադառնալով վերոնշյալին և հարցին, թե հնարավո՞ր է Իրանն օկուպացնի Նախիջևանը, Արա Պապյանը նախ նշեց՝ այն, որ Թուրքիայի տրոհման գործընթացը սկսել է, դրա մասին ինքն արդեն տարիներ ի վեր է խոսում: «Բազմիցս ասել եմ, որ դա գալու է և գալու է՝ անկախ հայերիս կամքից և ցանկությունից: Հիմա ի՞նչ արագությամբ կընթանա այդ գործընթացը, ուրիշ հարց է, բայց Թուրքիան մտել է շատ վտանգավոր խաղի մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ իրենք չեն ընդունում Լոզանի պայմանագրով ընդունված սահմանները, որովհետև հավակնություններ ունի ավելի մեծ տարածքներ գրավելու: Հնարավոր է, որ ավելի մեծ տարածքներ գրավի, բայց նույնքան և հնարավոր է, որ այս խառնակությամբ Թուրքիան ավելի շատ կկորցնի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով մեր զրուցակցի դիտարկմանը, թե Նախիջևանի միակ օրինական և իրավական տերը Հայաստանն է, և հարցին, թե տեղի ունեցող և հավանական զարգացումներից Հայաստանն ի՞նչ կարող է շահել, վերջինս ասաց. «Եթե Թուրքիային կոնկրետ զսպեն և ԱՄՆ-ն երաշխավորի, որ Թուրքիան չի միջամտի ադրբեջանական կողմից Նախիջևանի ռազմաճակատում, իմ կարծիքով, Նախիջևանի հարցը պետք է լուծել, որովհետև այն Հայաստանին ապաշրջափակման հնարավորություն է տալիս: Նախիջևանը ոչ միայն տարածք է, այլ, առաջին հերթին, անվտանգության գոտի, որովհետև Նախիջևանից հանգիստ կարելի է հրետանակոծել և հրթիռակոծել Երևանը: Այդ խնդիրը պետք է լուծել: Իսկ երկրորդը՝ վերահսկելով Նախիջևանը, մենք վերահսկում ենք Երևան-Ջուլֆա երկաթգիծը, որը նշանակում է՝ Սև ծովից դեպի Պարսից ծոց գործող անկյունագծային երկաթգիծ ենք ունենում, ինչը շատ կարևոր է՝ մենք ապաշրջափակման հարց ենք լուծում»:

Արա Պապյանի խոսքով, սակայն, Հայաստանը ոչինչ չի կարող անել, որովհետև Հայաստանի ներկա իշխանությունները չունեն ազգային ծրագիր ու քաղաքական կամք:

«Չի կարող, բայց դա միակ ելքն է, որ պետք է անի: Պատկերացնենք՝ մեկը, դանակը ձեռքը, կանգնել է դռան հետևում, սպասում է, որ դուրս գաս ու խփի քեզ: Հիմա «Սմերչները» դրել են Նախիջևանում ու հարմար առիթի են սպասում, որ Երևանը հողին հավասարեցնեն: Հիմա ի՞նչ՝ պետք է սպասենք, որ հողին հավասարեցնեն, նոր մտնե՞նք: Վտանգը կա, ու եթե առիթ կա, այդ դանակավոր մարդուն պետք է խփես ու քցես մի կողմ, որ էլ քեզ վտանգ չսպառնա»,- եզրափակեց Արա Պապյանը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее