«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հունվարի 14-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակից ֆինանսավորվող կազմակերպություններն ազատվել են մի շարք հարկերից:
«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի N 86-Ա որոշմամբ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող հետևյալ կազմակերպությունները համարվել են «բարեգործական», ազատվել են մի շարք հարկերից»,- մասնավորապես, գրել է Մալյանը:

Նա ներկայացրել է հասարակական կազմակերպությունների անուններ, որոնց շարքում են հայտնվել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Հանրային լրագրության ակումբը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և այլն:
Գրառմանը Մալյանը կցել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մարտի 2-ին ստորագրած որոշումը:
Մալյանի գրառումը տարածել են մի քանի լրատվականներ։
«Փաստերի ստուգման հարթակը» գրում է, որ որոշել է պարզել, թե արդյո՞ք Նարեկ Մալյանի գրառումը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:
Նշենք, որ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են 2002 թվականին ընդունված «Բարեգործության մասին» օրենքով: Բարեգործական ճանաչված կազմակերպություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից և մաքսային տուրքից:
Համաձայն կառավարության N 66-Ն որոշման, որն ուժի մեջ է մտել 2003 թվականին, բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունների հետ աշխատանքը վերահսկում, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատելու գործընթացը կատարում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը:
2018 թվականի օգոստոսի 21-ի N 908-Ն որոշմամբ կառավարության կողմից լիազորված մարմին է ճանաչվել ՀՀ առաջին փոխվարչապետը, իսկ 2019 թվականի մեկ այլ որոշմամբ բարեգործության ոլորտը համակարգում է փոխվարչապետը:
Հատկանշական է, որ ոչ թե ցուցակում նշված կազմակերպություններն են ազատվել հարկերից, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։
Կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ ԲՀՀ Հայաստանը նման արտոնություն է ստանում։ Նա ասաց, որ ամեն տարի, իսկ կարգի փոփոխությունից հետո՝ երկու տարին մեկ հայտ են ներկայացնում բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով՝ բարեգործական կարգավիճակը ստանալու նպատակով: Ընդ որում՝ ԱԱՀ-ից ազատվում են միայն ծրագրում նշված ծախսերը և գործողությունները:
««Բաց հասարակության հիմնադրամները» ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ 15-րդ անգամ է այդ արտոնությունները ստանում: 1998 թվականից սկսած՝ ամեն տարի ԲՀՀ-ն որակվել է որպես բարեգործական կազմակերպություն՝ ներկայացնելով և հիմնավորելով իր գործունեությունը: Նախորդ բոլոր կառավարությունները դիտարկել են և շնորհել են այդ կարգավիճակը»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ տրամադրելով նաև նախորդ տարիների որոշումները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


