Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, սպանված զինծառայող 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատներին զինվորի թաղման օրը՝ մայիսի 18-ին, ծեծի են ենթարկել, երբ նրանք փորձել էին դին տեղափոխել մայրաքաղաք՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վերջիններիս ճանապարհը փակել են ռազմական ոստիկանության մեքենաները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները եւ ամեն կերպ փորձել խոչընդոտել հարազատների մուտքը Երեւան: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ սպանված զինվորի հարազատները, մոռանալով իրենց վիշտը, ծեծի ենթարկվելով, ջարդուփշուր անելով մեքենաները, մի կերպ հասել են Սեւան-Երեւան ավտոճանապարհին: Նույնիսկ կանայք, վերցնելով զինվորի դագաղը, ոտաբոբիկ մի կերպ անցել են մեքենաների արանքներով, որպեսզի կարողանան առաջ շարժվել: Նրանց դիմադրել են ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՆ ՌՈ աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով: Բանը հասել է նույնիսկ քարերով հարվածելուն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ (Իշխան) Ստեփանյանը, նույնպես հաստատեց այս տեղեկությունը: «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»,-զայրացած ասաց Ա. Ստեփանյանը: Նրա խոսքով՝ իր հետ կատարվածի մասին դեռ որեւէ տեղ չի բողոքել: Նշենք, որ հարազատներին խոչընդոտող մեքենաների թվում եղել են նաեւ ՊՆ համարանիշերով մեքենաներ` ՊՆ 0222 Մ, ՊՆ 101, ՊՆ 2888: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց. «Եթե կա փաստ, ապա թող այդ հարցով զբաղվեն իրավապահները, քրեական գործ հ հարուցեն եւ պատժեն մեղավորներին»:
Սպանված զինծառայողի հարազատներին ծեծել էին ճանապարհին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet