Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որն ավարտվում է 2017թ.-ին:
Ինչպես հաղորդում է «Спортфакт»-ը` հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին, Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալը»: Լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ: Այժմ երկու ակումբները բանակցություններ են վարում:
Հատկանշական է, որ 3 տարի առաջ «Արսենալի» սկաուտները խորհուրդ էին տվել Արսեն Վենգերին հետևել Մխիթարյանին, սակայն ֆրանսիացի մասնագետը հոռետեսորեն է մոտեցել սկաուտների կարծիքին: Ավելին, 2013թ.-ին, այն բանից հետո, երբ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվել է «Բորուսսիա», Վենգերը հայտարարել է, որ «Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյորից» «Բորուսսիա» տպավորություն չի թողել»: Սակայն որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գոլն օգնել է «Բորուսսիային» Լոնդոնում հաղթել «Արսենալին» (2-1): Բացի այդ հայտնի է, որ Մխիթարյանը մանկուց համակրում է «Արսենալին» ու հիանում է Վենգերի աշխատանքով: Ընթացիկ մրցաշրջանում էլ արդեն «Արսենալի» մարզիչն է սկսել հետևել Մխիթարյանի խաղին, հետո էլ ակումբի ղեկավարությանը հայտնել է կիսապաշտպանին ձեռք բերելու անհրաժեշտության մասին:
«Спортфакт»-ի տեղեկություններով ֆուտբոլիստին ձեռք բերելուն հավակնում են նաև «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները» փորձել են ձեռք բերել նրան դեռևս երեք տարի առաջ: Այն ժամանակ Մխիթարյանը չէր օգտվում Ռայոլայի ծառայություններից, ու «Սիթին» փորձել է ֆուտբոլիստի վրա դուրս գալ հայ գործակալների, ինչպես նաև Մխիթարյանի բարեկամների միջոցով ու բանակցել նրա հետ: Խոսեպ Գվարդիոլան, ով կգլխավորի «Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանում, բարձր գնահատում Մխիթարյանի խաղային որակներն ու ցանկանում է այդ տրանսֆերով ուժեղացնել թիմի միջին գիծը:
Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրա համար արդեն տուն են ընտրել Լոնդոնում: Սպասվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կձևակերպվի մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը: Բացի այդ, Մխիթարյանը նաև առաջարկություն ունի «Յուվենթուսից», սակայն «Արսենալի» տարբերակը նրա համար առաջնային է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսսիայում» 2013թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ ArmFootball.com