Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
Երևանի պատվերով Ստեփանակերտում կայացած համերգը, որը ողջունում էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը, վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսևորում էր։ Ժողովուրդը, որ հռչակել է անկախություն և պաշտպանել սեփական ազատությունն իր արյամբ, ներքաշվում է մի գործընթացի մեջ, որտեղ նա ցուցադրվում է ասես ծուռ հայելու մեջ:
Ղրիմում և Արցախում ինքնորոշման գործընթացների սոսկ արտաքուստ նմանությունը այդ կամակատարների համար առիթ հանդիսացավ նման խանդավառ ողջույնի։ Սակայն նրանք մոռանում և աչք են փակում այն հանգամանքի վրա, որ ղրիմյան ինքնորոշումը անցնում էր ռուսական ռազմական մեքենայի քողածածկույթի, իսկ արցախյանը՝ հակառակը, այդ ուժի ճնշման ներքո։ Ավելին, Ղրիմի ինքնորոշումն ու Ռուսաստանին միացումը տեղի է ունենում այս վերջինի կողմից կայսերական նկրտումների պարզորոշ դրսևորմամբ, նկրտումներ, որոնք թիրախ ունեն նաև Հայաստանը՝ Արցախը ներառյալ:
Նախախորհրդարանը համոզված է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի խնդրի շուրջ ծագած ներկա պայմաններում առավել նպատակահարմար է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը դե յուրե վերամիավորման քաղաքական գործընթաց սկսեն, դրանով իսկ ինքնիշխանության կորստի վտանգը չեզոքացնեն, ոչ թե Արցախի անկախությունը որևէ մեկի կողմից ճանաչելու սին պատրանքներով մխիթարվեն։
Նախախորհրդարան