▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները

Թարմացում․ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում:
Ստոկհոլմի արբիտրաժը Վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
Եվ մերժել Հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը մինչև քննության ավարտը:
Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:
Նրանք շարունակում են վնասել մեր տնտեսությանը, և ներկայացնում իրենց պարտությունը որպես հաղթանակ ինչպես միշտ»:

***

Թարմացում․ «Մեր ձևով» շարժման ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը:
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման վրա, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) նկատմամաբ «Էներգետիկայի մասին» օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի այն դրույթների կիրառությունից, որոնք ընդունվել են 2025 թվականի հուլիսին, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած հետագա քայլերից, որոնք ուղղված են ՀԷՑ-ի էքսպրոպրիացիային (սեփականազրկման)։
Կողմերի միջև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հստակ հաստատել է, որ ՍԱՊ-ի 2023 թվականի Արբիտրաժային կանոնակարգի II հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրի որոշումը պարտադիր է կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման։
Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։
Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։
Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից թույլ տրված բոլոր խախտումները կդիտարկվեն արբիտրաժային քննության ավելի ուշ փուլում՝ հիմնական վեճի քննարկման շրջանակում, և կգնահատվեն որպես Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ»։

***

ՀՀ Կառավարության պաշտոնական էջը հայտնում է․ «Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։

Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։

Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։

Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։

Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее