▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շվեդիայում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ստոկհոլմում տեղի ունեցած հակահայկական ցույցին

Ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հարցազրույց է տվել շվեդական «Dagen» օրաթերթին։ Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով, դատապարտելով ռասայական ատելության հրահրման ցանկացած դրսեւորում։ Նա հայտնել է, որ հակահայկական ատելության սերմանումը նոր չէ եւ սկիզբ է առնում դեռ Հայոց ցեղասպանության շրջանից։

«Սակայն նոր երեւույթ է նման բանի ականատես լինել Շվեդիայում։ Սա շատ մտահոգիչ զարգացում է. հնչում է անմիջական կոչ՝ սպանել հայերին», նշել է դեսպանը` ավելացնելով, որ նման կոչ ԵՄ անդամ երկրում հնչում է առաջին անգամ։ Դեսպանը տեղեկացրել է, որ շվեդական իշխանությունները դեռեւս չեն արձագանքել:

Միաժամանակ հույս է հայտնել, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի միջադեպը։ Դեսպանը նաեւ ակնկալում է Շվեդիայում թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի կողմից հայտարարության միանշանակ դատապարտումը, եւ կարծում է, որ այժմ Շվեդիայում ապրող հայերի ապահովության երաշխիքների անհրաժեշտություն կա։ Դեսպանն ընդգծել է, որ թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես Շվեդիայում բնակվող թուրքերի մեծամասնության կարծիք, սակայն վստահաբար այն ներկայացնում է որոշ խմբավորումների դիրքորոշումը։

Դեսպանը կարծիք է հայտնել, որ խնդիրը որոշակիորեն առնչվում է թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին, եւ նշել, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, եւ նրանց միջեւ տարբեր երկրներում գործողությունների բացահայտ համադրում է նկատվում, ինչի ապացույցն է նաեւ Ստոկհոլմի հանրահավաքը։ Դեսպանը վերստին կարեւորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ ցեղասպանության ճանաչման ժխտումը հող է ձեւավորում նման այլատյաց քարոզչության համար։  

ՀՀ ԱԳՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее