Շվեյցարիան կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ կայացված որոշումը՝ կապված վեջինիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Գրում է ermenihaber.am-ը:
Շվեյցարիայի Համադաշնության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկելու որոշումը կայացրել է երկրի Արդարադատության նախարարությունը:
Հիշեցնենք, Դողու Փերինչեքը 2005 թ. Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է, որից հետո նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետև ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Փերինչեքն այս որոշման դեմ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Փերինչեքի հայցը՝ այն հիմնավորելով նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: