«Հրապարակ»-ը գրում է. «Եռօրյա այցով Սյունիք մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղի կուսակցականների հանդիպումը թեժ է անցել։ Կիրակի օրը Կապանում ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մթնոլորտն այնքան է շիկացել, որ Փաշինյանն «ախրանային» հրահանգել է՝ դահլիճից հեռացնել 8 տարվա կուսակցական ակտիվիստ Արփինե Թումանյանին և նրա մորը՝ Սիլվա Գրբոյանին, որոնք Փաշինյանին փորձել են պատմել մարզի ՔՊ-ում տիրող «անառողջ մթնոլորտի ու անարժաններին պաշտոն տալու մասին»: Ըստ նրանց՝ մարզը ղեկավարում են նախկինների պես։ Փաշինյանը փորձել է լռեցնել, ապա հրահանգել է քննարկման դնել նրանց հեռացման հարցը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել` Արփինեն և մայրը հաջորդ օրը կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել։ Հետո պարզել են, որ մարզպետն ավելի վաղ է իրենց հեռացման հարցը դրել կուսակցական խորհրդում, քանի որ նրանք ՔՊ-ում «ընդդիմություն» են եղել և բարձրաձայնել են բոլոր թերությունների մասին։ 29-ամյա Արփինե Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը ոչ թե իր անձնական բարեկեցության համար է ընդվզել, այլ՝ գաղափարական անարդարությունների դեմ․ «Ես, զոհելով իմ անձնական կյանքը, 8 տարի նվիրվել եմ այս կուսակցությանը, բայց հիմա մարզը զոռով ՔՊ մտածներն են ղեկավարում, մի քանի ավագանիներ կան, որ խոստովանում են՝ իրենք պարտադրված են մտել ՔՊ։ Ճիշտ հասկացեք՝ ես աշխատանքի կռիվ չեմ տալիս, այլ՝ գաղափարի»: Ապա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Խոսել եմ մեր մարզպետի մասին՝ ում հետ է շփվում, ինչ է անում, փորձում է մեր վարչապետին համոզել, որ քաղաքապետերը մեր կողմից են, և այլն։ Ասել եմ, որ ՔՊ-ականների հետ բացարձակ հաշվի չի նստում։ Իմ ելույթից հետո դահլիճում ներկաների 80 տոկոսը ծափահարել է, բացառությամբ մի քանի տիկնոջ, ովքեր դուրս չեն գալիս մարզպետի աշխատասենյակից։ Հետո մամաս է ելույթ ունեցել, ու մեր ելույթները չմարսեցին, որովհետեւ մայրս պատգամավոր Մարինա Ղազարյանին ասաց, թե նա ստում է․․․ Ինձ նման հիմարների մեղավորությունն է, որ ժամանակին ասֆալտ քերելով քայլել եմ, բայց ոչ մի բանի չեմ արժանացել, իսկ իրենք․․․ Նույնը՝ պոլիկլինիկայի վարիչ ունենք՝ Նարինե Գրիգորյան, որը ՔՊ կուսակցական չաթից քոփիներ է անում` փոխմարզպետին ցույց տալիս, որը մերժում էր Փաշինյանին։ Կամ՝ էն օրը ՔՊ-ական Նելլի Մինասյանը գրկում-փաթաթվում էր Նիկոլին, բայց, հազար ներողություն, միշտ խոսակցության ընթացքում ասում է. «Տանձս բռնի ձեր ՔՊ-ն, տանձս բռնի Նիկոլը»։ Հիմա էս մարդիկ դարձել են ՔՊ-ական, մենք էլ՝ վատամարդ, որ բարձրաձայնել ենք այս մասին»։ Արփինե Թումանյանը հաստատեց, որ իրեն և մորը դահլիճից դուրս են հրավիրել, ու Փաշինյանն ասել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու հարցը կքննարկվի․ «Կիրակի օրով կուսակցության գրասենյակը բացել եմ տվել, ու գրել ենք մեր հեռանալու դիմումները: Ինչ-որ կուսակցական լակոտ, որ ասում էր՝ Արփինե, երբ Երևան ես գալիս, ասա։ Խոսքը Միքայել Խաչատրյանի մասին է, երևի իր երազանքն էր, որ ձեռքիցս բռներ, դուրս հաներ։ Դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգում են, թե բա՝ թող մեր մեջ մնա, ոչ մի բան չլինի, իսկ երբ իմացան, որ գնում ենք դիմում գրենք, ասացին՝ Փաշինյանն այդպես չի ասել, մի շտապիր, բայց իմ համբերությունը հատել է արդեն, հավատացեք՝ իրենք են ինձ կորցրել։ Բացի այդ, երբ վարչապետն ասաց, որ իրենց, այսինքն՝ մեր հարցը պետք է քննարկել, Արուսյակ Մանավազյանն ասաց, որ արդեն քննարկվել է։ Պարզվում է՝ մարզպետը, որ մեկ տարի առաջ է ՔՊ-ական դարձել, մեր հարցն արդեն դրել է քննարկման, որովհետև իրեն խոչընդոտում ենք: Անգամ Կապանի խորհուրդը տեղյակ չէր, որ ինքը մեր հարցը դրել է։ Այսինքն՝ այս վեճը եթե անգամ չլիներ, մեզ հեռացնելու էին, որովհետեւ ես միշտ ընդդիմացել եմ իրեն՝ նույն Նարեի նշանակման հարցում, մյուսների: Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ես նրանց տեղ տալիս, ասում է՝ հարմար եմ գտնում, օրինակ, դաշնակի հետ աշխատեմ, ՀՀԿ-ականի հետ աշխատեմ, ու իբր վարչապետն է համոզում, որ բոլորը մեր կողմից են»: Իսկ լավ չէ՞, որ մարզպետը լեզու է գտնում բոլորի հետ։ «Լավ է, եթե կեղծ չլինեն, ես մտածում եմ, որ մարդը մի օրում չի կարող փոխվել»: ՔՊ-ի համար հիմա մեծ պատիվ կլինի, որ նախկիններն իրենց հետ համագործակցեն։ «ՔՊ-ի համար պատիվ կլիներ, եթե մարզպետը մեզ հետ հաշվի նստեր, սիրեր մեզ, գնահատեր, չասեր մեզ` ձեր ՔՊ-ն, մերոնք-ձերոնք»»: |
Սյունիքում կրքերը շիկացել են․ ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet